ՀՀ հատուկ քննչական ծառայության պետն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր` 2017թ.-ի սեպտեմբերի 29-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին:

Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ ներկայացնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության կազմավորման պատմությունը, գործառույթներն ու քննչական աշխատանքի առանձնահատկությունները` Վահրամ Շահինյանը կարևորել է վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի իրավապահ մարմինների, այդ թվում` Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող ակտիվ աշխատանքներն ու այդ ուղղությամբ միջազգային կառույցների հետ համագործակցությունը. «Կարծում եմ` Իտալիան կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում հարուստ փորձ ունի, ինչը կարող է արդյունավետ համագործակցության հիմք հանդիսանալ ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի համապատասխան իրավապահ կառույցների միջև»,- նշել է Վ. Շահինյանը:

Ողջունելով եվրոպական երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցելու ՀՀ հատուկ քննչական ծառայության նախաձեռնությունը` դեսպան Ջովաննի Ռիչուլլին անդրադարձավ Իտալիայում գործող` կոռուպցիայի և մաֆիայի դեմ պայքարի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից իրականացվող հանցագործությունների քննությամբ զբաղվող իրավապահ տարբեր մարմինների գործունեությանն ու կառուցվածքային առանձնահատկություններին: Դրանց շարքում դեսպանն առանձնացրեց Իտալիայի հակակոռուպցիոն անկախ մասնագիտացված կառույցը` պատրաստակամություն հայտնելով նպաստել հիշյալ մարմնի և ՀՀ հատուկ քննչական ծառայության միջև համագործակցության ձևավորմանը:

Հանդիպման ավարտին կողմերը նկատեցին, որ քննչական մեթոդիկայի կատարելագործման նպատակով համագործակցության արդյունավետ սկիզբ կլինեն փորձի փոխանակումն ու համատեղ սեմինար-դասընթացների կազմակերպումը: