Հավանության է արժանացել «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը

Գործադիրը հավանություն է տվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կփոփոխվեն որոշակի մասնագիտացված պաշտոնների անձնագրերի գծով աշխատակիցների ընտրության չափանիշները: Մասնավորապես, կփոփոխվեն աշխատակազմի համալրման համապատասխան կանոնները և ընթացակարգերը: Ըստ այդմ, կսահմանվի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ներքին մրցույթով զբաղեցնելու կարգ: Հստակ կտարանջատվեն քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու երեք կարգերը, մասնավորապես՝ ներքին, արտաքին մրցույթներ կամ արտամրցութային: Այսպիսով կներդրվի ներքին մրցույթով պաշտոն զբաղեցնելու կարգը, հնարավորություն կընձեռվի կազմակերպական կառուցվածքի շրջանակում թափուր մշտական աշխատատեղերը լրացնելու համար օգտվել բացառապես (ըստ առաջնահերթության) ներքին կադրային ռեսուրսներից:
Կառավարությունը եզրակացություն է ներկայացրել ԱԺ մի խումբ պատգամավորների ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծով առաջարկվում է դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից, ինչը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը, համապատասխանաբար, կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: Գործադիրն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի իր առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ, կնվազեն պետբյուջեի եկամուտները: Անդրադառնալով օրինագծին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է ուշադիր լինել ընդհանրապես հարկային արտոնություն տալու բանաձևի նկատմամբ, հատկապես, որ իրականացվում է սոցիալապես խոցելի խավերին աջակցելու քաղաքականություն: Վարչապետն առաջարկել է ձևավորել նախաձեռնող խմբերի հետ հանդիպելու և կառավարության տեսակետը ներկայացնելու պրակտիկա:
Հավանության է արժանացել նաև «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկությունը: Օրինագծով առաջարկվում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ, քանի որ, ներկայացված առաջարկությունը մի կողմից հակադրվում է գույքահարկով հարկման ընդհանուր տրամաբանությանը, մյուս կողմից ստեղծում է արտոնությունից անհարկի օգտվելու ռիսկեր և չի հանգեցնելու իր առջև դրված խնդիրների իրագործմանը: