«Հանդիպեք մեզ հետ, և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք»․ քաղաքացիները դիմումը իրենց ընտրած պատգամավորներին

Այսօր սոցիալականն ցանցերում արագորեն տարածվում է քաղաքացիների կողմից իրենց պատգամավորներին ուղղված դիմում-հրավեր, որով իրենց ընտրատարածքից ընտրված պատգամավորներին խնդրում են հանդիպում՝ քննարկելու, թե ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում, կամ գոնե լսելու, թե ո՞ւմ օգտին են պատրաստվում քվեարկել իրենց պատգամավորը Ազգային Ժողովում կայանալիք վարչապետի ընտրություններին։ Այսկերպ քաղաքացիները, փաստորեն, փորձում եմ իրացնել իրենց ընտրելու իրավունքը՝ պատգամավորների միջոցով։

Փորձեցինք պարզել, թե որտեղի՞ց է բարձրացել պատգամավորներին դիմելու այս ալիքը, սակայն չհաջողվեց գտնել «կծիկի ծայրը»։

Դիմում-հրավերի տեքստը․

«Մեծարգո՛ պարոն/տիկին ————————,

Դիմում ենք Ձեզ՝ որպես մեր պատգամատարը ՀՀ ազգային ժողովում։ 

Ստեղծված իրավիճակում, երբ մենք՝ այն ընտրատարածքի քաղաքացիներս, որտեղից Դուք ընտրվել եք պատգամավոր, զրկված ենք ՀՀ վարչապետին անմիջական կամահայտնությամբ ընտրելու հնարավորությունից, գտնում ենք, որ անհրաժեշտություն կա, որ Դուք՝ որպես մեր ընտրատարածքի պատգամավոր, հանդիպեք մեզ հետ, և Ձեր հստակ դիրքորոշումը հայտնեք մայիսի մեկին Ազգային ժողովում կայանալիք վարչապետի ընտրությունների հետ կապված։

Մենք՝ փաստացի հանդիսանալով ձեր գործատուն և պատվիրակողը, հայտնում ենք, որ Հանրապետության իշխանության իրական կրողը՝ ժողովուրդը, ոտքի է կանգնել՝ հստակ դիրքորոշում հայտնելով։

Ձեր մանդատը ձևավորող տարածքի բնակչության հետ հանդիպումից խուսափելը, կամ Ձեր դիրքորոշումը գրավոր ու հրապարակավ չհայտնելը հիմք է տալիս, որպեսզի Դուք այս տարածքում ճանաչվեք անցանկալի անձ։  

Իմացեք, որ մենք ստիպված կլինենք հրաժարվել մեր կամքը ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելու Ձեր ծառայություններից։

Առաջարկում ենք կազմակերպել բաց, հրապարակային հանդիպում, կամ եթե տարբեր պատճառներով դա հնարավոր չեք համարում, ապա պահանջում ենք հրապարակավ և հասանելի հայտարարել Ձեր կարծիքը ։  

Ձեր լռությունը մենք կընկալենք որպես արհամարհանք մեր հանդեպ ու կգործենք ըստ արժանվույն։»

Արդյոք պատգամավորների քանի՞ տոկոսն է ստացել նման հաղորդագրություն և ինչպե՞ս է արձագանքել, կանդրադառնանք հաջորդ նյութերում։