Հակիմ Աքան ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Հակիմ Աքան, ազգությամբ թուրք է, ծնվել է 1970 թվականին, բնակվում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր երկու երեխաների մահվան դեպքի առնչությամբ հետաքննությանը: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր երկու որդիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդյունավետ հետաքննության բացակայության մասին:

Դիմումատուի որդիները՝ Այքութը և Այքանը, ծնվել են համապատասխանաբար 1991 և 1992 թվականներին: 2007 թվականի նոյեմբերի 19-ին նրանք դուրս են եկել տնից և ուղևորվել են դեպի դպրոց՝ թողնելով իրենց բջջային հեռախոսները տանը: Տղաները տուն չեն վերադարձել, և Դիմումատուն սկսել է փնտրել իր երեխաներին: Հաջորդ օրը Դիմումատուն իր որդիների անհետացման մասին տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանությունը դեպքի մասին զեկուցել է Թուրքիայի Քարթալ նահանգի Դատախազությանը, և տեղի իշխանությունները հետաքննություն են սկսել:

Նույն թվականի նոյեմբերի 23-ին Այքանի դին գտել են ծովում: Նրան հայտնաբերել են դպրոցական համազգեստով և պայուսակով, որն ամբողջովին լցված է եղել քարերով: Այքանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Դիմումատուն մի քանի անգամ հարցաքննության է ենթարկվել: Դիմումատուն տարբեր տեղեկություններ է հաղորդել ոստիկանության աշխատակիցներին և հավելել է, որ մահմեդական Բայրամ տոնի ժամանակ իր որդին արաբերեն լեզվով տեքստային հաղորդագրություն է ստացել: Հարցաքննության ժամանակ Դիմումատուն նշել է, որ գտել է այդ հաղորդագրությունն իր տղաների սենյակում: Մասնավորապես՝ հաղորդագրության մեջ նշվել է, որ Այքանը պետք է մահանա և նահատակ դառնա դեկտեմբերի 13-ին: Այնուհետև, Դիմումատուն դիմել է տեղի իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ ծովում և դրա շրջակայքում որոնողական աշխատանքներ իրականացնելու խնդրանքով: Նույն տարվա նոյեմբերի 30-ին հայտնաբերվել է նաև Դիմումատուի մյուս որդու՝ Այքութի, դին: Վերջինիս նույնպես հայտնաբերել են դպրոցական համազգեստով և պայուսակով՝ ամբողջովին լցված քարերով և պարանով ամրացված տղայի մարմնին:

2008 թվականի փետրվարին Դատախազությունը որոշել է դադարեցնել Դիմումատուի երկու որդիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննությունը: Դիմումատուն առարկություն է ներկայացրել Դատարան և բողոքել է Դատախազության կայացրած որոշման դեմ, սակայն ապարդյուն: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ Դատախազությունը և քննչական մարմինները հավուր պատշաճի հետաքննություն չեն իրականացրել իր որդիների մահվան դեպքի առթիվ, չեն պարզել գործին առնչվող այլ մանրամասները և պատասխանատվության չեն ենթարկել մեղավորներին: Դիմումատուն իր բողոքի մեջ նաև հավելել է, որ տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին 2008 թվականի փետրվարին անհայտ անձի կողմից իր կրտսեր որդու՝ Վոլկանի, նկատմամբ կատարված առևանգման փորձի մասին, սակայն իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: Այնուամենայնիվ, 2008 թվականի հունիսին Թուրքիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած առարկությունը և բողոքը:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իր երկու որդիների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով արդյունավետ հետաքննության բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 40.000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։