«Կարևորում եմ արդարադատության գործընթացի թափանցիկությունը»․ Արսեն Մկրտչյան

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, Երևան քաղաքի դատարանի ընդդատության կանոնների փոփոխությունների մասին Լեգալ Ինֆոն զրուցել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի հետ։

– Ինչո՞ւ է անհրաժեշտ ընդդատության կանոնների փոփոխությունը։

– Երևան քաղաքի դատարանի ընդդատության փոփոխության հիմքում ընկած են տարբեր պատճառներ։ Ես ևս ներգրավված եմ եղել դատական օրենսգրքի մշակման աշխատանքներում՝ որպես փորձագետ՝ Եվրախորհրդի կողմից։ Ի սկզբանե քննարկվել են շատ տարբերակներ՝ ինչպիսի դատական կառուցվածք պետք է ունենալ։ Քննարկվել են հիմնականում մինչդատական վարույթի գործերի քննության ժամկետների և նաև քննող դատավորների հետ կապված խնդիրներ, որովհետև այսօրվա դրությամբ մինչդատական վարույթների նկատմամբ հսկողության հարցերը, ըստ էության, քաղաքացիական գործ քննող դատավորներն են քննում առանձին դատարաններում, այն պարզ պատճառով, որ քրեական գործեր քննող դատավորների թիվը քիչ է, և, եթե դատավորը, ըստ էության,    մինչդատական վարույթով որևէ գործողություն է կատարում, հիմնական գործի քննության աշխատանքներին չի  կարողանում՝ որպես լիարժեք դատարան՝ Կոնվենցիայի իմաստով, հանդես գալ: Այդ իսկ պատճառով՝ տարբերակներ էին քննարկվում ստեղծելու՝ թե′ մինչդատական վարույթի դատարան, թե′ հետագայում մասնագիտացված դատարաններ  և այլն: Ավելի ուշ, որոշում կայացնելու համար, կարծում եմ, օգնել է դատական վիճակագրությունը, որովհետև հիմնավորման հիմքում նաև դրված են վիճակագրական տվյալները, որոնք խոսուն տեղեկություն են պարունակում այն մասին, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունեն Երևան քաղաքի առանձին  դատարանները: Արդյունքում՝ նման որոշում է կայացվել, որովհետև այդ վիճակագրական տվյալները պրակտիկ կյանքից դուրս եկող տվյալներ են:

Համենայն դեպս, ես չեմ կարծում, որ մենք ընդդատության լուրջ խնդիրներ ունենանք,  քանի որ գործի քննության արդյունավետությունը, ակնհայտ է, որ կբարձրացվի, որովհետև հնարավորություն կլինի, որ  թեժ ծանրաբեռնված դատարանները   մի մասով մյուս դատարաններին ներգրավվեն պրոցես, և ծանրաբեռնվածությունը համաչափ կբաշխվի բոլոր դատավորների միջև:  Եվ, ըստ էության, կարծում եմ, նաև քրեական գործերի արդյունավետությունը կբարձրանա:

– Դատարանների մատչելիությունն արդյոք չի՞ խախտվում։

– Ըստ օրենսգրքի նախագծի՝ հայցը հարուցվում է Երևան քաղաքի ընդդատության կանոններով, այսինքն՝ պատասխանողի գտնվելու վայրն այս դեպքում կլինի Երևան քաղաքը, ոչ թե օրինակ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը։ Եվ ըստ ընդդատության կանոնների՝ հայցը հարուցվում է Երևան քաղաքի դատարանում, և այդ գործի քննությունը կիրականացվի Երևան քաղաքի դատավորներից որևէ մեկի կողմից: Ընդդատության տարբեր կանոններ ունենք․ օրինակ, ընդդատության կանոններով՝ հայցվորը հայցը հարուցում է պատասխանողի գտնվելու  վայրի  դատարանում,  կամ որոշ դեպքերում՝ ընդդատությունը որոշվում է գույքի գտնվելու վայրով և այլն: Այս տեսանկյունից, մենք չունենք դատարանների մատչելիության իրավունքի խնդիր: Իհարկե, դատավարական ընդդատության կանոնները կմնան նույնը։ Պետք է հիշել հետևյալը, որ Երևան քաղաքը չի բացառում նստավայրերը. դա չի նշանակում մեկ դատարան՝ մեկ շենքում: Դատարանների նստավայրերը շարունակելու են գործել. այլ բան է, որ միգուցե Էրեբունի համայնքի հայցվորի գործը քննվի, օրինակ՝ Կենտրոնում: Դատարանի մատչելիության իրավունքի խնդիրը, համենայն դեպս քաղաքացիական դատարանի տեսանկյունից,  այդքան էլ սուր չէ, նկատի ունենալով այն արժեքը, որը կտա այդ նախագիծը․ դա անձանց արդար դատաքննության իրավունքի տարր համարվող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության հնարավորությունն է:

Դատարանների ծանրաբեռնվածությունն ուղղակի կամ անուղղակի ազդում է գործի քննության վրա:  Ես նույնիսկ ողջամիտ ժամկետի տեսանկյունից  չեմ դիտարկում։ Իհարկե, դա կարևոր է, բայց ավելի կարևոր է, որ անձը ստանա  որակյալ արդարադատություն, որովհետև ծանրաբեռնված դատավորի և ողջամիտ ծանրաբեռնվածություն ունեցող դատավորի որոշումների ու հրապարակվող ակտերի որակները, կարծում եմ, էականորեն կտարբերվեն:

– Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում  ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում։

– Իհարկե, քաղաքացիական դատավարությունում կան էական փոփոխություններ: Առաջնային և էական փոփոխությունն այն է, որ դատավարությունը կիսամրցակցային ոգին պարունակում է իր մեջ. Հայաստանը քայլ չկատարեց դեպի բացարձակ մրցակցային դատավարություն, որը, միջազգային փորձի տեսանկյունից, ունեն շատ ու շատ երկրներ: Շատ ողջունելի էր միջազգային փորձագետների փորձն այս առումով, որոնք ժամանակին կարողացան ուղարկել այդ տեղեկատվությունը, որ աշխարհը կամաց-կամաց քննադատում է բացարձակ մրցակցային սկզբունքը և հետքայլ է կատարում դեպի կիասամրցակցայինը:   Այս տեսանկյունից՝ մենք շահեկան վիճակում ենք, որովհետև մենք առավել արդիական դատավարություն կունենանք,    միջազգային տեսանկյունից՝ համեմատելի և օրինակելի: Եվ այս առումով, կարևոր է, որ անձինք, որոնք դիմելու են դատարան, ներկայացնելու են միայն փաստերը, որոնց վրա հիմնվում են իրենց պահանջները։ Մնացած լրացուցիչ տեղեկությունները՝ իրավական նորմեր վկայակոչել և այլն,  բոլորը հայեցողական լիազորություններ են։ Այսինքն՝ պարտադիր պահանջը միայն փաստերը նշելն է, թե ինչպիսի փաստերի հիման վրա է հարուցվում հայցը:

– ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծով նախատեսվում են Վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի քննության իրականացման փոփոխություններ։ Ի՞նչ փոփոխություններ են։

– Հաջորդ կանոնը, որը մեր հասարակությանը կհետաքրքրի,  այն է,  որ դատարանն է որոշում կիրառելի իրավունքը՝ կոնկրետ փաստերի նկատմամբ. իհարկե, խորհրդակցելով կողմերի հետ։ Բայց բոլոր դեպքերում՝ կիրառելի իրավունքը կորոշի դատարանը։ Եվ այս դեպքում՝ մենք էական տարբերություն կունենանք գործող դատավարությունից, որովհետև դատարանը գործը քննում է  հայցի հիմքում՝ իրավական և փաստական հիմքի շրջանակում: Գործող կանոններով՝ անձը, ըստ էության, փոխելով մեկ իրավական հիմք, երկրորդ  դատավարություն սկսելու հնարավորություն է ունենում: Այս տեսանկյունից՝ մենք շատ հստակ և որոշակի կարգավորում ունենք Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում․ մեկ փաստով երկրորդ գործ` չի թույլատրվում: Բավականին շատ հարցեր է լուծում այս կարգավորումը:

Բազմաթիվ այլ փոփոխություններ կան՝ կապված պարզեցված վարույթների հետ: Արագացված դատաքննության ինստիտուտն է բավականին արդյունավետ դարձել, մինչև 2 մլն  դրամ պարզեցված  վարույթի հարցերն են կարգավորվել,  վերաքննության իրավունքն է ամրագրվել։ Ապացուցման ենթակա հարցերի շրջանակն է փոփոխվել՝ նաև պրակտիկ կյանքում տեղի ունեցող իրավիճակները հաշվի առնելով։ Օրինակ՝ այսօր պրակտիկայում ունենք դեպք, երբ անձաց վրա անհարկի բեռ է դրվում՝ ասելով, որ դու, թեև ասացիր՝ ոչ, պետք է ապացուցես «ոչ»-ը, իսկ այն ապացուցելի չէ։

Կան բազմաթիվ այլ կարգավորումներ նաև միջազգային մասնավոր իրավունքի կիրառման տեսանկյունից, արբիտրաժային վճիռների ճանաչման հետ կապված՝ առանձին գլուխներով կարգավորումներ։ Նախագծում ունենք շատ մեծ առանձնահատկություն՝ կապված մասնագետի ներմուծման հետ.  նոր օրենսգրքի նախագծով` փորձագետ կարող է լինել ցանկացած այլ անձ, իհարկե, եթե լիցենզիոն հատուկ պահանջ չի ներկայացվում անձի նկատմամբ, և, ըստ էության, դա կմնա կողմերի ռիսկը։

– Փաստաբաններին ավելի շատ օգնելո՞ւ է  Դատավարության նոր օրենսգիրքը։

– Ես կարծում եմ՝ այո, որովհետև որոշակի է դառնում։ Նշեցի հայցի իրավական հիմքը փոխելու հետևանքով նոր գործի ի հայտ գալը։ Բնականաբար, փաստաբանները նույնպես այդ խնդրի կրողն են, և արդյունքում իրենց համար նույնպես որոշակի է դառնում դատավարությունը։ Այստեղ, այո′, շատ մեծ կարևորություն է ստանում փաստաբանների դերը, որոնք  շատ մեծ առաքելություն ունեն՝ մասնավորապես քաղաքացիական դատավարության  տեսանկյունից, որովհետև օրենքը փաստաբաններին, ի տարբերություն մյուս ներկայացուցիչների,  բացառիկ հնարավորություն է տալիս ներկայացնել անձանց շահերը։ Դա այսօրվա գործող կարգն է, որը պահպանվում է Քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, հետքայլ այդ տեսանկյունից չի արվում։ Ըստ էության, փաստաբանների դերը, թե′ այսօր, թե′ հետայսու, նոր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում շատ ու շատ կարևոր է, մասնավորապես՝ օրենքի կիրառման տեսանկյունից։

– Ինչպե՞ս  կգնահատեք  գործող փաստաբաններին։

– Մեկ բան կասեմ, որ փաստաբանության ինստիտուտը Հայաստանում շատ ու շատ երկրների համար նախանձելիորեն զարգացում ունի։ Փաստաբանների գործունեությունը  կարգավորող իրավական ակտերի, փաստաբանների գործունեության ազատության  տեսանկյունից՝ բավականին լավ իրավական վիճակում են գտնվում մեր փաստաբանները, և աշխատանքի որակն օրեցօրե ակնհայտորեն փոփոխվում է։ Ի դեմս փաստաբանների ինստիտուտի, ես նախկինում էլ նշել եմ այս մասին, մենք ունենք ինքնակառավարվող կազմակերպություն, որը շատ ու շատ  ինքնակառավարվող կազմակերպությունների համար կարող է լինել օրինակելի։ Փաստաբանությունը շատ կարևոր աշխատանք է իրավունքի զարգացման համար, ուստի ես ուրախ եմ, որ մեր երկրում զարգանում է այդ ինստիսուտը։ Շատ ողջունելի կլիներ, որ փաստաբանությունը դեմքով դեպի հասարակությունը լիներ՝ անվճար ծառայությունների տեսանկյունից եմ ասում։ Կարողանային վերանայել իրենց վարքագծային որոշակի նորմերը, այն առումով, որ երբեմն անհիմն հայցեր  են ներկայացվում, չեմ բացառում, որ վստահորդի պնդմամբ։ Գուցե այս խնդրի լուծումը կլիներ, ինչպես շատ երկրներում է, փաստաբանին արգելել այդ տեսակի հայց ներկայացնելը։ Համենայն դեպս, մեր նորանկախ պետության մեջ փաստաբանի ինստիտուտը բավականին լավ զարգացման մակարդակում է գտնվում։

– Դատաիրավական մոնիթորինգի հարցումների արդյունքում պարզվել է, որ դատավորների հանդեպ հանրային վստահության պակաս կա։ Ըստ  Ձեզ, որո՞նք են պատճառները, և ինչպե՞ս լուծել խնդիրը։

– Պետք է հաշվի առնել, որ դատավորի կերպարի նկարագիր՝ թե ով է դատավորը, տրվում է դատավորի վարքագծի կանոններով, որոնք ամրագրված են Դատական օրենսգրքում։ Այսինքն, եթե մենք խոսում ենք դատավորի մասին, անկախ այն բանից, թե ինչպիսի անուն-ազգանուն ունի դատավորը, մենք ունենք օրենքով պատվիրակված կերպար։ Այսինքն՝   հասարակությունն այդպիսին է տեսնում դատավորին և դատավորի վարքագծի կանոնները սահմանափակել է։

Այս տեսանկյունից ես  միշտ կարևորել եմ իրավական լրագրողների աշխատանքը։ Շատ ու շատ կարևորվում է՝  թե փաստաբանների դերը, թե լրագրողների դերը։ Այս երկու պրոֆեսիոնալ խմբերը պետք է գիտակցեն, որ դատավորն այն անձն է, որը չունի ամբիոն, ինչի մասին Եվրոպական դատարանը բազմիցս ասել է, այդ թվում՝ խոսքի ազատության տեսանկյունից։ Եվ Եվրոպական դատարանը դատավորների նկատմամբ խոսքի ազատության պաշտպանող հիմավորումներում շատ հստակ պատասխան է տվել, որ դուք խոսում եք այն պաշտոնյայի մասին, որը չունի ամբիոն, այսինքն՝ լրացուցիչ չի կարող դուրս գալ և հասարակության առաջ, օրինակ՝ հերքել այս կամ այն իրողությունը։

Այս տեսանկյունից՝ ավելի սահմանափակ են հասարակության քննադատության սահմանները։  Օրինակ՝ լրագրողները միշտ պետք է նկատի ունենան՝ ներկայացուցիչը միշտ կողմի շահն է պաշտպանում, բնականաբար, հասարակությանը և լրագրողին պետք է տա իր շահերից ելնող տեղեկատվություն։ Եվ այդտեղ կարևոր է լրագրողների դերը, որ այդ միակողմանի կարծիքը միանգամից չհրամցնեն հասարակությանը, այլ նաև կարդան դատական ակտը, թե դատարանն ինչպիսի պատճառաբանություններ է գրել և ինչ է հերքել, որպեսզի հասարակության համար հասկանալի և տեսանելի լինի դատարանը և արդարադատությունը։ Լրագրողները կրում են նման պարտականություն՝ հասարակության համար նաև դատավորների որոշումները տեսանելի դարձնել: Վստահության մթնոլորտի ձևավորող են դառնում նաև մամուլում հրապարակվող շատ նյութեր։

Իհարկե, կարևորում եմ նաև դատավորների միությունների, պետական այլ մարմինների,  դատական դեպարտամենտի դերը՝ հասարակության հետ  կապերի տեսանկյունից։

Շատ ու շատ ողջունելի հետազոտություն էր, վերոնշյալ հետազոտությունը, որը հստակ ցույց տվեց արդարադատության զարկերակը,   որ այսպիսի վստահության տոկոս կա։ Այդ հետազոտությունը ցույց տվեց, որ իրականում պատկերն այդքան  վատը չէ։ Եվ փաստենք, որ ոչ ոք չի քննարկում այս տոկոսի   ոչ իրական լինելը։ Սա նշանակում է, որ հենման կետ ունենք հաջորդող քայլեր կատարելու համար։

Կարևորվում է նաև նոր ռազմավարությունը՝ մշակված  2018թ․ համար, որին ես հասցրել եմ ծանոթանալ, որի մեջ նաև դատարանը հասարակության համար հասկանալի լինելու միջոցառումներ են նախատեսված։ Ի վերջո, դատավորը, թեև կոչվում է պաշտոն, բայց այն կողմի արդար դատաքննության իրավունքն է։

– Արդարություն և արդարադատությունսրանք միահյուսվա՞ծ են, ինչպե՞ս տարանջատել։

– Արդարադատությունը գործընթաց է, որի վերջնարդյունքն է արդարությունը։ Մրցակցային դատավարությունում կողմերը միշտ պնդում են և համոզված են, որ իրենք ճիշտ են, Կարևորը գիտակցենք, որ արդարադատությունը՝ գործընթաց է, որը սկսվում է դատարաններում և ավարտվում է բարձրագույն ատյաններում։ Ամերիկյան գերագույն դատարանն է  նշում կատարել, որ իրենք ճիշտ են, ոչ թե նրա համար, որ իրենց որոշումները ճիշտ են, այլ ճիշտ են նրա համար, որ իրենց որոշումները վերջնական են և ուժի մեջ են մտնում կայացման պահից։ Այս տեսանկյունից՝ շատ կարևորում եմ արդարադատության գործընթացի թափանցիկությունը, որպեսզի հասարակությունը իմանա, որ արդարադատության գործընթացի վերջում է այն արդարադատությունը, որ օրենսդիրն է նախատեսում։ Արդարադատությունը դատական համակարգի միջոցով է լինում։

Ընդդատության կանոնների փոփոխությամբ պայմանավորված՝ Դատական դեպարտամենտը փոփոխվելո՞ւ է։

– Դատական դեպարտամենտը, ընդհանրապես, աշխատակազմն է դատարանների և ապահովում է դատարանների գործունեության արդյունավետությունը։ Հետևաբար՝ դատական համակարգի ցանկացած կառուցվածքային փոփոխություն բերելու է նաև դեպարտամենտի աշխատանքային կառուցվածքային փոփոխության։ Դա կնշանակի, որ ստորաբաժանումները կմիավորվեն կամ այլ որոշում կկայացվի։