Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հեռացվել են Դիվանատան վարչական շենքից

Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանից հեռացրել են ակցիայի մասնակցիներին:

«Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունը այդպես էլ չէր մարում։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանները ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը»։

Այս կապակցությամբ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժ է կրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Տեղեկացնում ենք ձեզ, որ այս պահի դրությամբ ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրեց <<Նոր Հայաստան նոր Հայրապետ>> նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը:

Հիշեցնենք, որ այսօր կարգապահական հանձնաժողովում քննարկելու են Կորյուն աբեղային կարգալույծ անելու հարցը, ուստի Մայր Աթոռի տարածքից նախաձեռնության անդամներին հեռացնելն ուներ իր նպատակը: Այն է. հեռու պահել շարժման մասնակիցներին, հեռացնել նրանց Մայր Աթոռի տարածքից, որպեսզի Հայր Կորյունին կարգալույծ անելուց հետո չնայեն վերջինիս աչքերին, քանի որ ոչ մի հիմք չկա նրան կարգալույծ անելու:

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում արթնանալ, ոտքի կանգնել, միանալ մեզ և միասին պայքարենք անարդար, անազնիվ, փողասեր, ուխտադրույժ Գարեգին Բ կաթողիկոսի դեմ: Միացե՛ք»,- ասված է հայտարարությունում: