Ծաղկաձորը կունենա նորագույն հրշեջ-փրկարարական մաս

Հունվարի 22-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում կայացավ ԱԻ նախարարության Կոտայքի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017թ. կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված հաշվետու նիստը:

Ամփոփ զեկույցներին ներկա էին ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը, Կոտայքի մազպետ Կարապետ Գուլոյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արման Խաչիկյանը:

Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ մարզպետարանի բակում ներկայացվեցին Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչությանը հատկացված գույք-սարքավորումները: Մարզին տրամադրվել են «ԿԱՄԱԶ ԱԲ 3,2-40» և «ՈւԱԶ ՊԱՏՐԻՈՏ» մեքենաներ, շարժական հրշեջ մոտոպոմպ, Էլեկտրակայան-գեներատորներ, ջրի փափուկ բաքեր (1000լ և 1500լ), ունիվերսալ հիդրավլիկ վթարա-փրկարարական գործիքների լրակազմ, տուժածին հայտնաբերման АПП-1 մոդելի սարք, «Օմեգա» շնչառական ապարատներ, վրաններ М-30, М-10 և լուսային աշտարակ:

Արդյունավետ աշխատանքի և մասնագիտական բարձր հատկանիշների համար Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը հանդիսավոր կերպով պատվոգրեր հանձնեց մարզային փրկարարական վարչության 7 աշխատակցի:

Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Էդիկ Գալստյանը ներկայացրեց 2017 թ. կատարված աշխատանքները, նախանշեց 2018 թ.-ին սպասվող անելիքները: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը: Մարզի տարածքում գրանցվել է 2132 ահազանգ, գրանցված արտակարգ պատահարների հետևանքով զոհվել է 25 մարդ, իսկ մարմնական վնասվածքներ ստացել 113 մարդ:

Է. Գալստյանը նշեց, որ բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային և հատուկ տակտիկական ուսումնավարժություններ: Բոլոր անցկացրած վարժանքներն ընդգրկել են ինչպես բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները: Նախատեսվել և անցկացվել է 34 հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ 24-ը դպրոցներում, 10-ը՝ այլ կազմակերպություններում:

Քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով կատարվել են «ՀՀ Կոտայքի մարզի քաղաքացիական պաշտպանության պլանի» և տարահանման պլանի թվային տվյալների ճշգրտումներ:

ՄՓՎ պետի փոխանցմամբ Ծաղկաձորում արդեն իրականացվում է հրշեջ-փրկարարական ծառայություն. առաջիկայում նախատեսվում է կառուցել հրշեջ-փրկարարական մասի համար շենք` հագեցած ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց և հարցերին պատասախանեց մարզի ՄՀՏԱՏ պետ Վահան Դանիելյանը: Տարվա ընթացքում հրդեհների վերաբերյալ ստացվել է 973 ահազանգ, որոնցից 235-ի վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր: Պատճառված վնասի չափը կազմել է 119.730.292 դրամ:

Մարզի տարածքում գտնվող գազալցման շարժական կայանների 15 շահագործողների և պատասխանատուների հանձնվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների կատարման գրություններ: 2017թ. դեկտեմբեր ամսին հակահրդեհային քարոզչական աշխատանքներ են կազմակերպվել 33 օբյեկտում:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ Կոտայքի մարզի տեխնիկական անվտանգության փորձաքննությունների բաժանմունքի պետ Նվեր Բեգլարյանն իր զեկույցում անդրադարձավ փորձաքննության ենթարկված օբյեկտներին, որոնք 2017թ.-ին 1074-ն են եղել: Հաշվետու ժամանակահատվածում մարզում իրականացվել է շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) 64 %-ի տեխնիկական անվտանգության փորձաքննություն:

«Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության 2017թ. կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույց ներկայացրեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Մարզի տարածքում իրականացվել են հիդրոօդերևութաբանական երևույթների, մթնոլորտի և մակերևույթային ջրերի քանակական ցուցանիշների դիտարկումներ և, ըստ անհրաժեշտության, դրանց արդյունքները տրամադրվել են մարզի բնակչությանը, պետական իշխանության տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին: Նախորդ տարի մարզում գրանցվել են նաև անոմալ եղանակակլիմայական երևույթներ:

«Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ս. Մարգարյանը ներկայացրեց 2017 թ. կատարված աշխատանքները: Մարզի 4 համայնքների դպրոցներում, պիլոտային ծրագրի շրջանակում, իրականացվել են սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցումներ, որոնց ընթացքում ուսուցանվել է 437 քաղաքացի: Մարզում կատարվել են նաև շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության գնահատման աշխատանքներ:

Ամփոփելով հաշվետու նիստը՝ ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը նշեց.

-2017 թ. ԱԻ նախարարությունն աշխատել է գերծանրաբեռնված և, կարող եմ ասել, որ պատվով ենք դուրս եկել դժվար իրավիճակներից՝ շնորհիվ մեր աշխատակիցների նվիրված ու կարգապահ աշխատանքի: Ձեր աշխատանքի լավագույն գնահատականը կարող են տալ միայն մեր քաղաքացիները: Հավատով ենք, որ Կոտայքի մարզային ստորաբաժանումների ձեռքբերումները կշարունակվեն նաև 2018-ին:

ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը անփորձանք ծառայություն մաղթեց և շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարության աշխատակիցներին՝ արդյունավետ և հետևողական աշխատանքի համար, ինչպես նաև՝ նշեց, որ մարզի ղեկավարությունը պատրաստ է հնարավորինս աջակցել՝ դրական ցուցանիշների հասնելու նպատակով:

Նիստի ավարտին ՀՀ ԱԻ նախարարության կողմից պատվոգրեր հանձնվեցին Հրազդանի, Աբովյանի, Եղվարդի, Չարենցավանի, Բյուրականի, Նոր Հաճնի, Ծաղկաձորի, Գառնիի և Արամուս համայնքների ղեկավարներին: