Խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները քվեարկությամբ ընդունել են նախորդ օրը քննարկված օրինագծերը:

Պատգամավորները ողջունել են խորհրդարանի աշխատանքին հետեւող, ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրում ընդգրկված աշակերտներին եւ մանկավարժներին:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող նախաձեռնությունը, որով առաջարկվում է պարզեցնել լիցենզավորման ուղղությամբ կարգավորման ծավալը: Առաջարկվող նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին եւ բիզնեսին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման քաղաքականության համատեքստում: Վերոնշյալ նպատակների իրականացումը սերտորեն կապված է լիցենզավորման բնագավառում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաեւ մաքսային բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորման պահանջը հանելու հետ:

«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Նա պարզաբանել է, որ նախագծում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում վերջերս կատարված փոփոխություններով:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը կարեւորել է ընդունվող օրենքների կիրառումը, ձեռնարկությունների թափանցիկ գործունեության թափանցիկությունը: Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ մեր երկրում տնտեսվարողները դեռեւս լավ չեն գիտակցում աուդիտորական գործունեության կարեւորությունը: