Խոսրովի անտառի հրդեհից տուժել են սողուններ, կրծողներ և չթռչող միջատներ

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով Խոսրովի անտառում ներկա իրավիճակը:

«Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել Խոսրովի անտառ պետական արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանի հետ, ով տեղեկացրեց, որ այս պահին անձրև չկա, օդային օպերացիաներից հետո և տեղացած անձրևը բավականին արդյունք տվել են: Ներկայում հրդեհաշիջման աշխատանքների բոլոր մասնակիցները կրկին գործի են անցել տեղայնացված հրդեհի օջախները մարելու նպատակով: Ըստ ՀՀ ԲՆ Կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի՝ խոշոր կաթնասունները, թռչունները չեն տուժել և արգելոցի այլ տարածքներ են տեղափոխվել, հիմնականում չթռչող միջատները , սողունները, կրծողներն են տուժել հրդեհից: Սրանք նախնական տվյալներն են, հիմնական ուսումնասիրությունները և հաշվարկները կկարտարվեն արդեն հրդեհաշիջման աշխատանքների ամբողջական ավարտից հետո: Աղասյանը պարզաբանել է , որ հրդեհն ընդգրկած 2,5-3 հազար հա գոտում անգամ կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից»: