Իրանում մահապատժի են ենթարկում անչափահաս անձանց. ՄԱԿ-ը վրդովված է

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը վրդովմունք է հայտնել՝ անչափահաս հանցագործին մահապատժի դատապարտելու Իրանի հերթական որոշման կապակցությամբ։ Միայն այս տարի Իրանում նույն ճակատագրին են արժանացել ևս երեք անչափահաս հանցագործներ: Այս կապակցությամբ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը շեշտել է, որ միջազգային օրենքը խստորեն արգելում է անչափահաս անձանց նկատմամաբ մահապատժի կիրառումը` անկախ հանցագործության տեսակից և հանգամանքներից։

Իրանում անչափահաս երեխան դատապարտվել է մահվան՝ 15 տարեկան հասակում սպանություն գործելու համար։ 2017 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել հինգ անչափահաս երեխա։ Իրանի բանտերում իրենց մահապատժի իրականացմանն են սպասում ավելի քան 85 հանցագործներ։ Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը կոչ է արել Իրանի իշխանություններին չեղարկել մահապատժի որոշումները և դադարեցնել անչափահաս անձանց նկատմամբ կիրառվող մահապատիժը։ Նա նաև իր դժգոհությունն է հայտնել՝ մահապատժի ենթարկված անչափահաս երեխային բանտում խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ։ Անչափահաս երեխայի իրավունքները բազմիցս խախտվել են և Իրանի իրավապահ մարմինները չեն տեղեկացրել նրան և նրա ընտանիքի անդամներին՝ մահապատժի իրականացման օրվա մասին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատար  Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը հիշեցրել է, որ նման գործողություններով Թեհրանը խախտում է «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը։