Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ Արդարադատության միջազգային դատարան

Իրանը հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցման պահանջով։

Ընթացիկ տարվա հունիսի 25-ին Իրանը հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից Իրանի Կենտրոնական բանկի ակտիվները վերոգրյալ գումարի չափով սառեցնելու որոշման վերաբերյալ։ Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն այս կապակցությամբ հայտարարել է, որ Իրանի իշխանությունների համոզմամբ՝ ԱՄՆ իշխանությունների գործողություններն անօրինական են: ԱՄՆ-ի դեմ Իրանի հայցով լսումները Հաագայի դատարանում տեղի կունենան 2018 թվականի հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մերժել է Իրանի ներկայացրած բողոքը՝ 1983 թվականին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և ԱՄՆ-ի զոհված զինծառայողների ընտանիքներին Իրանի սառեցված ակտիվներից 2 մլրդ դոլար գումարի չափով փոխհատուցում վճարելու Դատարանի կայացրած որոշման դեմ։ ԱՄՆ-ի իշխանությունների խոսքերով՝ Բեյրութում խաղաղապահների զորանոցների վրա ահաբեկչական հարձակումը և պայթյուններն իրականացրել են լիբանանյան «Հեզբոլահ» շարժման զինյալները՝ իրանցի պաշտոնյաների աջակցությամբ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել Է նախորդ ատյանի դատարանի կայացրած վճիռը և որոշել է, որ փոխհատուցման համար սահմանված գումարը պետք է վճարվի ԱՄՆ-ին Իրանի Կենտրոնական բանկի հաշվից: