Իրազեկում. Ո՞ր դեպքում անձը կարող է վաղաժամկետ ազատվել պատիժը կրելուց

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի համաձայան ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա ուղղվելու համար նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը հաշվի է առնում նաև դատապարտվածի կողմից տուժողին պատճառված վնասը հարթելու հանգամանքը:

Պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել միայն, եթե դատապարտյալը փաստացի կրել է՝

  1. ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը,
  2. ծանր հանցագործության համար նշանակված պատժի ոչ պակաս, քան կեսը,
  3. առանձնապես ծանր հանցագործության, բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների համար, ինչպես նաև նախկինում պայմանական վաղաժամկետ ազատված անձի (եթե պայմանական վաղաժամկետ ազատումը վերացվել է սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված հիմքերով) նկատմամբ նշանակված պատժի ոչ պակաս, քան երկու երրորդը.

Ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով պատժի փաստացի կրած ժամկետը չի կարող երեք ամսից պակաս լինել:

Ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը գտնի, որ նա պատիժը հետագա կրելու կարիքը չունի և փաստորեն կրել է ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:

Քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի համաձայն ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկում կրող անձի պատժի չկրած մասը դատարանը կարող է փոխարինել ավելի մեղմ պատժատեսակով՝ հաշվի առնելով պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը և պատճառված վնասը հարթելու հանգամանքը: Ընդ որում, անձը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել լրացուցիչ պատժից:

Պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով դատապարտյալի կողմից պատժի ոչ պակաս, քան մեկ երրորդը փաստացի կրելուց հետո: