«Թուրքիան այլևս վարկ  չի վերցնի Արժույթի միջազգային հիմնադրամից»․ Էրդողան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v80), quality = 90

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն այլևս չեն համագործակցելու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ։

 «Մենք փակել ենք ԱՄՀ-ի հետ համագործակցության էջը և այլևս վարկ չենք վերցնելու կազմակերպությունից»,- շեշտել է Թուրքիայինախագահը: Վերջինս նաև հավելել է, որ թուրքական լիրայի անկումը չի կարող Անկարայի համար ԱՄՀ-ից վարկ վերցնելու առիթ հանդիսանալ։

«Ժամանակակից Թուրքիան ԱՄՀ-ի հետ համագործակցության կամ այլ տեխնիկական աջակցության կարիք չունի։ Թուրքիայի և ԱՄՀ-ի ուղիներն այլևս չեն խաչվելու։ Այդ թեման վերջնականապես փակված է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ 2002 թվականին Թուրքիայի պարտքը ԱՄՀ-ին կազմել է 23.5 մլրդ դոլար: 2010 թվականին Անկարան դադարեցրել է ԱՄՀ-ի հետ վարկային ծրագրերի շուրջ բանակցություններ վարելու գործընթացը: 2013 թվականին Թուրքիան մարել է ԱՄՀ-ի կողմից տրամադրված վերջին վարկը: 2018 թվականի օգստոսին ԱՄՀ-ի և Թուրքիայի միջև նոր բանակցություններ են սկսվել՝ թուրքական լիրայի կտրուկ անկման պատճառով: Այս ֆոնին գնաճի ցուցանիշներ են գրանցվել։ Սեպտեմբերին Թուրքիայում սպառողական գները տարեկան կտրվածքով աճել են 24.52%-ով: Լիրայի անկումը գրանցվել է Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացման պատճառով։ Այնուհետև, ԱՄՆ-ն Թուրքիայից ալյումինի և պողպատի ներկրման համար սահմանված մաքսատուրքերը համապատասխանաբար 20% և 50%-ով բարձրացնելու մասին որոշում է կայացրել։ Անկարան, իր հերթին, բարձրացրել է 533 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան արտադրանքի 22 տեսակի ապրանքների ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը։ Դրանց թվում են հայտնվել նաև ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ավտոմեքենաները, կոսմետիկ պարագաները, բրինձը և մրգերը։

Այսպիսով, Թուրքիան մարել է ԱՄՀ-ից վարկ վերցնելու հետևանքով առաջացած վերջին պարտքը և այժմ դադարեցնում է միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը՝ ներկայացնելով այս իրադարձությունն ազգային տնտեսության հպարտության համար լուրջ առարկա: