Երևանում մեկնարկել է «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ համաժողովի մասնակիցներին ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարևորում է այս ոլորտը, կարևորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: Պետք է նշենք, որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», – իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը:
Լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՏՏ ոլորտում 7 ամիսների ընթացքում գրանցված 35 տոկոս աճը պայմանավորված է այդ ոլորտում գործող ընկերությունների ծրագրերի իրականացման, ներդրումային ծրագրերի, պայմանագրային հարաբերությունների ընդլայնմամբ:
Համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այն կարևորվում է որպես Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ձեռքբերումների առաջխաղացմանն ուղղված ռազմավարության ու նախաձեռնությունների քննարկման, ծրագրման և արդյունավետ իրագործման կարևորագույն հարթակ: Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշը:
«ԱրմԹեք’17»-ին մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ և պետական պաշտոնյաներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից և այլն:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, հիմնական գործընկերներն են «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «ՍոլոԼըրն» ընկերությունները, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը, ԱՄՆ ՄԶԳ-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն