Եվրասիական տնտեսական միությունը դիտորդի կարգավիճակ կստանա ԱՀԿ-ում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մամուլի ծառայությունը հաղորդել է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) կքննարկի Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու մասին հարցը։

Հայտնի է, որ ԱՀԿ աշխատանքային խմբում ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու վերաբերյա վերջնական որոշում կկայացնի ԵՏՀ Խորհուրդը։ Ռուսաստանի Դաշնության Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունն այս կապակցությամբ հայտնել է, որ Ռուսաստանում աջակցում են ԱՀԿ աշխատանքային խմբում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրելու առաջարկին։

«Մենք վստահ ենք, որ դա շատ ճիշտ քայլ է: Դիտորդի կարգավիճակն ԱՀԿ-ում իրավասությունների շրջանակն ընդլայնելու և միաձայն քվեարկելու հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ-ի համար։ Նման որոշումը կարող է նաև ԵԱՏՄ-ի համար միջազգային ասպարեզում լայն հնարավորություններ բացել և ամրապնդել ԱՀԿ-ի ներքին աշխատանքների, խորհրդակցությունների և հանդիպումների ժամանակ միջազգային ինտեգրացիոն տնտեսական միության անդամ երկրների դիրքերը»,- հայտարարել է ՌԴ Տնտեսական զարգացման և առևտրի նախարարության քարտուղարությունը։

Ռուսաստանում համոզված են, որ ԱՀԿ աշխատանքային խմբում դիտորդի կարգավիճակ ստանալուց հետո ԵՏՀ-ն իրավունք կունենա մասնակցել միջազգային առևտրի կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՀԿ-ի քննարկումներին և այլ կարևոր գործընթացներին։ Այսկերպ, ԵԱՏՄ-ն կկարողանա տեղեկատվական, վերլուծական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերել իր անդամ պետություններին։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Միության անդամ երկրներից միայն Բելառուսը դեռևս չի անդամակցում ԱՀԿ-ին, սակայն 2016 թվականից ակտիվ բանակցություններ է վարում՝ կազմակերպությանն անդամակցելու նպատակով։