«Եթե միայն Ռուսաստանը կարգավորի Ղարաբաղի հարցը, մենք կկորցնենք Ղարաբաղը». քաղաքագետ

Որևէ մեկը այս պահին չի հավատում, որ կարգավորման որևէ տարբերակ իրականություն դառնալու հեռանկար ունի, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:  

«Որևէ համանախագահող երկիր` այդ թվում ԱՄՆ-ն, այնքան միամիտ չեն, որ մտածեն, թե կարգավորումը շատ մոտ է»,-ասաց նա:

Պարոն Սաֆարյանի կարծիքով Ռիչարդ Հոգլանդի այս հայտրարությունը կապված էր Սոչիում տեղի ունեցած Ս. Սարգսյան և Վ. Պուտին հանդիպման հետ, բացի այդ Ռուսաստանը մեկ ամիս առաջ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հետ, իսկ  սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նիստի շրջանակներում նախատեսվում է արտգործ նախարարների հանդիպում: Ռուսաստանը կցանկանա, որպեսզի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այդ հանդիպման շրջանակում շարունակեն Սանկտ Պետերբուրգյան գիծը, բայց ոչ ԱՄՆ հովանու ներքո կազմակերված Վիեննայի պայմանավորվածություների գիծը:

«ԱՄՆ-ն, որը չէր կարող 100 տոկոսով տեղյակ լինել Սարգսյան և Պուտին առանձնազրույցից, փորձում էր հասկանալ արդյո՞ք հայկական կողմի դիրքորոշումներում տեղի են ունեցել փոփոխություններ և դիմել է նման խորամանկության»,-իր դիքորոշումը հայտնեց քաղաքագետը:

Քաղաքագետի կարծիքով Հոգլանդը փորձում էր այս կերպ նաև հասկացնել, որ իրականում Կազանյան փաստաթուղթը պետք է մոռացության մատնվի:

«Ստեղծված իրավիճակում, թերևս, Հայաստանի համար լավագույն տարբերակներից մեկը մեկընդմիշտ Կազանյան փաստաթուղթը արխիվ ուղարկելն է: Ղարաբաղյան խնդիրը և հայ-թուրքական կոնֆլիկտը առաջիկայում Միացյալ Նահանգների համար լինելու է Թուրքիայի վրա ազդելու գործիքներից մեկը »,- ասաց նա:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ անդրադարձավ փաստաթղթի դրական կողմերին` հայտնելով, որ Միացյալ Նահանգները սկսել է ակտիվ զբաղվել Ղարաբաղի հարցով:

«Եթե միայն Ռուսաստանը կարգավորի Ղարաբաղի հարցը, մենք կկորցնենք Ղարաբաղը: Հետևաբար շատ դրական է, որ ամերիկյան համանախագահողն ակտիվ զբաղվում է Ղարաբաղի հարցով: Ամերիկյան դիրքորոշումը շատ օբյեկտիվ է ու համապատասխանում է նաև մեր շահերին»,-կարծիք հայտնեց նա:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Միացյալ Նահանգների ակտվությունը կապված է նրա հետ, որ այնտեղ գործում է նոր ադմինիստրացիա. «Ի վերջո դա ԱՄՆ-ի հանրապետականների ադմինիսստրացիան է: Գաղտնիք չէ, որ հանրապետականները միշտ ակտիվ են արտաքին քաղաքականության ոլորտում: Մեզ համար  ձեռնտու է, որ իրենք ուզում են ակտիվ աշխատել»:

Վերջում քաղաքագետը հավելեց, որ բանակցությունների մասին ընդհանրապես խոսք չի գնում, իսկ Հոգլանդի հնչեցրած փաստաթուղթը նույնիսկ անիմաստ է խորը ուսումնասիրել, քանի որ այն փաստաթուղթ է, որը շատ նման է նախկին փաստաթղթերին. «Իսկ սեպտեմբերին կայանալիք հանդիպումը ընդամենը հանդիպում է ԱԳ նախրարների միջև, այլ ոչ թե բանակցություն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան  համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 6 կետից բաղկացած փաստթուղթ:

Փաստթղթում ասվում է` «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ և իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ:

Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության և ինքնավարության երաշխիքներ։

Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի:

Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը:

Հարատև կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց և փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր:

Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը»:

Նյութը՝ Ելենա Արամյանի