«Եթե մարդիկ իրենց բողոքը մասսայաբար բարձրացնեն, ապա կկանգնեցնեն այս թանկացումը». Արմեն Պետրոսյան

Օրեր առաջ «Փարքինգ սիթի սերվիս» ՍՊԸ-ն հայտարարություն տարածեց` սույն թվականի օգոստոսի 1-ից SMS հաղորդագրության միջոցով ի գանձման գումարի ավելացման մասին: Համաձայն այդ հայտրարության` 2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելու դեպքում, հեռախոսահամարի հաշվից կգանձվի 149 դրամ: Ինչը նշանակում է, որ այսուհետ 1 ժամ մեքենան կայանելու համար նախկին` 100 դրամի փոխարեն կգանձվի 149 դրամ, իսկ 24 ժամվա համար նախկին` 500 դրամի փոխարեն 748 դրամ:  Գանձված գումարից 100 դրամը  ավտոկայանատեղի վճարն է, 24.8 դրամը միջնորդավճար, իսկ 24.2 դրամը ԱԱՀ: Կայանատեղիների համար վճարն առանց միջնորդավճարի կատարելու համար ընկերությունն առաջարկում է օգտվել տերմինալներից:

Այս հայտրարությունը առաջացրեց բազմաթիվ վարորդների դժգոհություններին: «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Պետրոսյանի խոսքերով այս թանկացման միտումն այն է, որպեսզի այն դառնա հերթական հարկատեսակ, ինչպիսին է գույքահարկը կամ տեխզննման հարկը: Ինչն էլ միանշանակ օգուտ է իշխանություններին:

Ըստ Արմեն Պետրոսյանի ինքը հունվարից հետո «Փարքինգ սիթի»-ի ոչ մի մեքենա Երևանի փողոցներում չի տեսել.

«Շրջիկ մեքենաները ապացուցողական հիմք էին, որով նրանք ապացուցում էին, որ 15 րոպեից ավել մեքենան կանգնել է և չի վճարել: Իսկ այն տեսախցիկները, որոնք ամրացված են ծառերի կամ էլեկտրասյուների վրա շատ դեպքերում կարող են կայանված մեքենայի համարները չլուսանկարել: Շատ դեպքերում այդ կարմիր գծերն էլ չեն երևում, այսինքն նրանք ծախսեր էլ չեն անում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Երևանի Քաղաքապետարանի պարզաբանմամբ`  ավտոկայանատեղիների վճարի չափը չի փոխվել, սա վերաբերում է միայն SMS հաղորդագրություննեով վճարումներ կատարելուն իսկ ավտոկայանատեղիների հարակից տարածքներում տեղադրված տերմինալների միջոցով վճարում կատարելու դեպքում  ոչ մի միջնորդավճար կամ հարկ չի գանձվի: Իսկ SMS հաղորդագրությունների միջոցով գումարի գանձման ձևաչափը ի սկզբանե նախատեսվել էր որպես ժամանակավոր լուծում` մինչև տերմինալների տեղադրումը:

Ըստ պարոն Պետրոսյանի այս գործընթացը սկսելուց առաջ նախ պետք էր ավտոկայանատեղիների մոտակայքում տերմինալներ տեղադրել, քանի որ դրանք գոյություն չունեն, և այնուհետև մատնանշել դրանք:

«Այստեղ հարց է առաջանում, թե ինչու հենց այս ժամանակահատվածում է սկսվում այս գործընթացը, այլ ոչ թե օրինակ դեկտեմբերի 31-ից: Թող այս ամեն ինչն արվեր հենց տարվա սկզբից»,-նշեց պարոն Պետրոյանը:

Հայտնի է, որ մեկ տարվա համար արված վճարումը գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը: Այսինքն, եթե  վարորդները  այս պահին վճարեն 1 տարվա համար, ապա կկարողանան ավտոկայանատեղիներից օգտվել ընդամենը 5 ամիս:

Հուլիսի 11-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի  SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիների համար վճարման ձևերի և գանձվող գումարի դրույքաչափերի սահմանումն ու դրանց փոփոխումն ընկերության իրավասության շրջանակներից դուրս են: Իսկ այդ ծառայության համար ՎիվաՍել-ՄՏՍ-ին վճարվող միջնորդավճարի տոկոսադրույքը մնացել է անփոփոխ: Ինչը նշանակում է, որ սա արվում է ևս մեկ անգամ մարդկանց գրպաններին վնաս հասցնելու համար:

Արմեն Պետրոսյանի համոզմամաբ, եթե մարդիկ իրենց բողոքը մասսայաբար բարձրացնեն, ապա կկանգնեցնեն այս թանկացումը իսկ կենցաղային մակարդակով վերաբերվելու դեպքում կմնա նույնը:

Նյութը՝ Ելենա Արամյանի