Դ․Ռ-ն ընդդեմ Լիտվայի 

Դիմումատուն Լիտվայի քաղաքացի է, ծնվել է 1958 թվականին և ապրում է Լիտվայի Տաուրագե մարզում։ Դիմումատուն հոգեկան հիվանդության խնդիրներ ունի։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր կամքին հակառակ հոգեբուժական փորձաքննություն անցնելու և իր համաձայնության բացակայության պայմաններում իրեն մեկ տարի ժամկետով հոգեբուժական հիվանդանոց տեղափոխելու որոշման վերաբերյալ։

2013 թվականին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ արցունքաբեր գազի միջոցով անչափահաս երեխային վնաս հասցնելու համար։ Հաշվի առնելով Դիմումատուի հիվանդության պատմության մասին կազմված բժշկական քարտի տեղեկատվությունը՝ Լիտվայի ներպետական դատական ատյանները որոշում են կայացրել՝ Դիմումատուին հոգեբուժական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ՝ 2014 թվականի ապրիլին ոստիկանության աշխատակիցները Դիմումատուին ձեռնաշղթաներով տեղափոխել են Լիտվայի Կլայպեդա քաղաքի հոգեբուժարան՝ Դիմումատուի կամքին հակառակ։ Հոգեբուժարանում Դիմումատուն 2 հոգեբույժների կողմից հետազոտության է ենթարկվել։ Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դիմումատուն քրոնիկական հոգեկան խանգարումներ ունի։ Հոգեբույժները խորհուրդ են տվել Դիմումատուին տեղափոխել հոգեբուժական հիվանդանոց՝ ստացիոնար բուժում ստանալու համար։ Հիմք ընդունելով 2014 թվականի հուլիսին հոգեբույժների կողմից իրականացված փորձաքննության արդյունքները՝ Լիտվայի Տաուրագե շրջանային դատարանը որոշել է ազատել Դիմումատուին քրեական պատասխանատվությունից։ Դատարանի որոշմամբ Դիմումատուն տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց։

Դիմումատուն բողոք է ներկայացրել Դատարանի կայացրած որոշման դեմ։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ 2014 թվականի հունիսից կամավոր կերպով սկսել է ամբուլատոր բուժում անցնել, սակայն Դատարանն իր գործով վճիռ կայացնելիս հաշվի չի առել այդ փաստը, նոր հոգեբուժական փորձաքննության իրականացման մասին որոշում չի արձակել և իրեն հոգեբուժարան ուղարկելու մասին որոշում է կայացրել՝ առանց իրեն տեսնելու և լսելու։ Դիմումատուն նաև բողոքել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու և իր կամքին հակառակ իրեն հոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին։ Այնուամենյանիվ, Տաուրագե շրջանային դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ վերջինս վտանգ է ներկայացնում հասարակության համար և բուժման կարիք ունի։ Այնուհետև, 2014 թվականի նոյեմբերին Դիմումատուն հոսպիտալացվել է՝ մեկ տարի ժամկետով։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում։ Վերջինս իր բողոքի մեջ նշել է, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ապօրինի կերպով հոգեբուժական կենտրոն են տեղափոխել և զրկել են ազատությունից՝ առանց իրեն տեղեկացնելու և Դատարանի հրամանը ներկայացնելու։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև հավելել է, որ Լիտվայի ներպետական դատական ատյաններն իրեն անձամբ չեն հետազոտել և իր գործով լսումներ չեն իրականացրել։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է իրեն հոգեբուժական հիվանդանոց տեղավորելու որոշման արդարացիության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։