Դատարանը «Սասնա Ծռեր»-ի գործով մի քանի պաշտպանների պատասխանատվության ենթարկելու համար կդիմի ՀՀ ՓՊ

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա Ծռեր»-ի 14 անդամների գործով հերթական նիստն սկսվեց ընդմիջումով: Դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Մուշեղ Շուշանյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Արա Ղարագյոզյանը, Լուսինե Սահակյանը, Տիգրան Եգորյանը և Հայկ Ալումյանը:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին հայտնեց, որ պաշտպանները դատական նիստին չեն կարողանում ներկայանալ, քանի որ կարգադրիչները փորձում  են իրենց խուզարկել այն դեպքում, երբ որևէ տեղ նշված չէ, որ փաստաբաններին իրավունք ունեն խուզարկելու: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ի պատասխան այդ ամենի, հայտնեց, որ դա իր իրավասության սահմաններում չէ և կարգադրիչները ղեկավարվում են օրենքով:

«Արդեն 6-րդ դատական նիստն է ինչ այդ հարցը քննարկվում է: Պաշտպանները չեն գալիս, պաշտպանյալներին բերում ենք էստեղ հետ ենք տանում» ,- ասաց նա:

Այնուհետև դատավորն ընթերցեց անձին զննության ենթարկելու արձանագրությունները` պաշտպաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի և Արայիկ Պապիկյանի վերաբերյալ: Դատավորն   ընթերցեց նաև պաշտպանների բացատրությունները զննության վերաբերյալ: Որտեղ պաշտպանները խնդրում են միջոցներ ձեռնարկել իրենց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ և պատժել մեղավորներին: Դատարանը որոշեց 1 ժամով հեռանալ խորհրդակցության սենյակ փաստաբանների վարքագծի վերաբերյալ  որոշում կայացնելու համար:

Ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը բացի Պավլիկ Մանուկյանից, Աշոտ Պետրոսյանից և Արմեն Լամբարյանից մյուս բոլոր ամբաստանյլաների նկատմամբ սանկցիա կիրառեց, դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու` ոտքի չկանգնելու համար:

Այնուհետև դատավորը հեռացրեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանին նիստերի դահլիճից, քանի որ ամբաստանյալը նիստին ներկայացել էր ջրի շիշը ձեռքին: Վերջինս դատավորի հորդորներից հետո հրաժարվեց շիշը մի կողմ դնելուց` հայտնելով, որ դա թորած ջուր է և իր ընտանիքն է իր համար բերել տանից:

Այս դեպքն առաջացրեց ամբաստանյալի պաշտպան Տիգրան Հայրապետյանի զայրույթին, որից հետո  վիճաբանություն սկսվեց պաշտպանի և  դատավորի միջև: Նիստն ընդմիջվեց 3-րդ անգամ և անորոշ ժամկետով: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը լքեց նիստերի դահլիճը` չսպասելով դատավորի որոշմանը:

Նշենք, որ նման դեպք տեղի էր ունեցել նաև «Սասնա Ծռեր»-ի 18 անդամների գործով նիստի ժամանակ, երբ փաստաբան Դավիթ Գյուրջյանին կարգադրիչները արգելել էին մտնել նիստերի դահլիճ ջրի շիշը ձեռքին, ինչի պատճառով այսօր դատարանում տեղադրվել էր ջուր խմելու սարք:

Ընդմիջումից հետո դատարանը դատական սանկցիա կիրառեց պաշտպաններ Արայիկ Պապիկյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի և Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:

Պաշտպան Արա Զաքարյանը փորձեց պարզաբանում ստանալ դատավորից, սակայն դատավորը թույլ չտվեց նրան խոսել, բայց Զաքարյանը շարունակեց, ինչից հետո ստացավ նախազգուշացում: Պաշտպանը պնդեց, որ կարևոր հայտարարություն ունի անելու, որից հետո նիստը 4-րդ անգամ ընդմիջվեց և վերսկսելուց հետո դատավորը դատական սանկցիա կիրառեց պաշտպանի նկատմամբ:

Այնուհետև դատավորը  ներկայացրեց գործում ներգրավված թարգմանիչի պարտականությունները:

 Արա Զաքարյանը հայտնեց, որ թարգամանիչի հետ կապված իր տեսակետը արտահայտելու համար իրեն անհրաժեշտ են իր իրերը, որոնք գտնվում են իր պայուսակում, սակայն կարգադրիչները թույլ չեն տվել պայուսակը առանց զննության ենթարկելու ներս բերել: Պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, համաձայն որի իրեն հնարավորություն ընձեռնվի պայուսակով մտնել դատարանի դահլիճ:

«Եթե այս միջնորդությունս կմերժեք, ապա խնդրում եմ 15-20 րոպեով դատական նիստը ընդմիջել, որի ընթացքում ես հնարավորություն կունենամ համապատասխան նյութերը նայելուց և որոշակի տեղեկատվություն ուսումնասիրելուց հետո նոր դիրքորոշում հայտնել տվյալ հարցի վերաբերյալ»,- ասաց Զաքարյանը:

Դատավորը որոշեց ընդմիջում հայտարարել, որպեսզի պաշտպանը այդ ընթացքում ուսումնասիրի իր նյութերը, հայտնելով, որ ամեն կերպ փորձում են խոչընդոտել նիստը:

 «5 րոպե, 3 րոպե նիստից ուզում ենք գնալ առաջ, դուք բոլոր փաստաբաններով խոչընդոտում եք»,- ասաց նա:

«Ծակ փուչիկը, որ փչում ես, ինքը չի ուռում, պետք է ծակը կպցնես նոր փչես»,- ընդմիջումից հետո տեղից խոսեց ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը, որից հետո դատավորը նախազգուշացրեց, այնուհետև 10 ժամով հեռացրեց նրան նիստերի դահլիճից: Ամբաստանյալն էլ հայտնեց, որ ինքը դատական սանկցիա վաղուց է կիրառել հանրապետության ամբողջ ղեկավարության նկատմամբ:

Դրանից հետո խոսեց նաև Պավլիկ Մանուկյանը, ով հայտնեց, որ ցանկանում է հայտարարությամբ հանդես գալ: Դատավորը նկատողություն տվեց նրան, նշելով, որ նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դատարանի հանդեպ, եթե այդպես շարունակի, ապա սանկցիա կկիրառվի նրա նկատմամաբ: Ամբաստանյալը հայտնեց, որ փորձում է հարգալից լինել դատավորի հանդեպ, սակայն դատավորը կամայականություն է ցուցաբերում:

«Ես սանկցիայից չեմ վախենում պարոն դատավոր: Ես ոչ մի բանից չեմ վախենում:  Ես մահվան երախ եմ մտել և հելել, ինձ վախեցնելու ոչինչ չկա»,- ասաց ամբաստանյալը:

Դատավորը սանկցիա կիրառեց նրա նկատմամաբ` 10 ժամով հեռացնելով դատարանից: Պավլիկ Մանուկյանը  հայտնեց, որ իր պաշտպաններին արգելում է իր բացակայության դեպքում ներկա գտնվել նիստին, հակառակ դեպքում կդիմի Փաստաբանների պալատ:

 «Եթե դուք իմ հանդեպ սանկցիա եք կրառում, ուրեմն ես այստեղ դատարան չեմ տեսնում: Անվանակոչում եմ ձեզ ցռան մոզի»,- դահլիճից դուրս գալիս ասաց ամբաստանյալը:

Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Հարություն Բաղդասարյանը և Հրանտ Գևորգյանը  հանդես եկան հայտարարությոմբ, համաձայն որի ցանկանում են  հեռանալ դահլիճից, քանի որ իրենց պաշտպանյալները ներկա չեն նիստին: Այնուհետև խնդրեցին քննարկել իրենց պաշտպանյալներին դահլիճ վերադարձնելու միջնորդությունը: Մեղադրող կողմը այդ միջնորդությունը համարեց անհիմն և դատարանին խնդրեց մերժել այն:  Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը:

Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը լքեց նիստերի դահլիճը, հայտնելով, որ առանց իր պաշտպանյալի չի ներկայանա նիստին: Նիստերի դահլիճը լքեց նաև Հրանտ Գևորգյանը:

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդեց նիստերի դահլիճ վերադարձնել իր պաշտպանյալին, քանի որ վերջինիս նկատմամաբ կիրառված սանկիցան լրացել է:

Դատական նիստն ընդմիջվելուց հետո Արտուշ Գաբրիելյանը որոշում ընդունեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ` Հրանտ Գևորգյանի, Հարություն Բաղդասարյանի և Հայկ Ալումյանի նկատմամբ։ Վերջինս արդեն 6-րդ դատական նիստն էր, որ չէր ներկայանում դատարան: Դատարանը նրանց պատասխանատվության ենթարկելու համար կդիմի ՀՀ Փաստաբանների պալատ: Իսկ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի համար կներգրավվի հանրային պաշտպան:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Նյութը՝ Ելենա Արամյանի