Դատավորն առանց ամբաստանյալների համաձայնության հանրային պաշտպան ներգրավեց. Կայացավ «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով հերթական դատական նիստը

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով հերթական դատական նիստը:

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը  միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգելու վերաբերյալ, քանի որ իր  պաշտպանները ներկա չեն նիստին:

Նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ  Սմբատ Բարսեղյանը և Արեգ Կյուրեղյանը, նրանց դիրքորոշումն իմանալու համար երկրորդ հանրային պաշտպան նշանակելու վերաբերյալ: Երկու ամբաստանյալներն էլ հրաժարվեցին, որպեսզի իրենց գործում ներգրավվի հանրային պաշտպան, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց հանրային պաշտպան ներգրավել, քանի որ ամբաստանյալների նկատմամաբ կիրառվել է սանկցիա և 2-րդ պաշտպանի նրգրավումը անհրաժեշտ է:

«Ոչ թե իմ պաշտպանը չի ցանկանում ներկայանալ, այլ դուք թույլ չեք տալիս որպեսզի նա ներկայանա»,- դատարանին հայտնեց ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը:

Պաշտպան Լուսին Սահակյանը առարկեց դատարանի գործողությունների դեմ, նշելով, որ մեկ հանրային պաշտպանի ներգրավվումը ամբաստանյալի գործում լրիվ բավական է. «Մեկ հանրային պաշտպանը նստած է, հիմա էլ 2-րդ հանրային պաշտպանը պետք է գա, իմաստը կբացատրե՞ք հարգելի դատարան»:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը հարցով դիմեց դատարանին, թե ինչո՞ւ են նիստերի դահլիճ բերվում ամբաստանյալները, եթե նրանց կարծիքը հաշվի չի առնվում . «Բերում եք, տանում եք, մարդիկ ասում են ոչ, դուք նշանակում եք: Էլ մի բերեք միևնույն է դուք առանց նրանց կարծիքը հաշվի առնելու նշանակում եք»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ինքը օրենքով է շարժվում, այլ ոչ թե իր քմահաճույքով. «Քանի որ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը ծանրաբեռնված է, այդ պատճառով Հանրային պաշտպանի գրասենյակի նախագահը որոշել է, ներգրավել մեկ այլ հանրային պաշտպանի»:

«Պարոն Գաբրիելյան իսկ տենց վտանգ չկա, որ կարողա դուք ծանրաբեռնվածության պատճառով չկարողանաք մասնակցել և լրացուցիչ դատավոր ներգրավվի»,- դատավորին դիմեց ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը:

Դատարանը ամբաստանյալի նկատմամբ նախզգուշացում կիրառեց, այնուհետև դատական սանկցիա ծիծաղելու համար:

Հանրային պաշտպանը հայտնեց, որ ինքը չի կարող իրականացնել ամբաստանյալների պաշտպանությունը ատռանց նրանց համաձայնության. «Հարգելի դատարան ես կատարում եմ ձեր որոշումը և մնում եմ դատարանում, սակայն չեմ իրականացնի պաշտպանություն»:

Դատավորը խորհուրդ տվեց հանրային պաշտպանին ծանոթանալ գործին և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գագիկ Եղիազարյանի պաշտպանները ներկա չեն գտնվում նիստին, որոշեց այն հետաձգել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Նյութը` Ելենա Արամյանի