Դատավորը գործում ներգրավում է «զապասով» պաշտպաններ. Ինքնաբացարկի միջնորդություն Մեսրոպ Մակյանին

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մոտ 1 ժամ ուշացումով սկսվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ: Վերջինս նշեց, որ դատարանը չի իրականացնում արդարադատություն և ցուցաբերում է կանխակալ վերաբերմունք: Փաստաբանը ներեղություն խնդրելով իր գործընկերներից հեյտնեց, որ դատավորը գործում ներգրավում է «զապասով» պաշտպաններ՝ հաշվի չառնելով մեղադրյալների կարծիքը և այն հանգամանքը, որ նրանք ունեն պաշտպաններ:

«Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւր է «զապասով» դատավորը: Սա դատավարություն կոչվել չի կարող, այս գործը կրում է քաղաքական բնույթ և իրականացվում է քաղաքական դատավարություն»,- ասաց նա:

Փաստաբաններից Արայիկ Պապիկյանն էլ միանալով միջնորդությանը հայտնեց, որ դատարանն այս գործով ունի կաշկանդվածություն:

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունը: Նշենք, որ մեղադրող կողմն առարկեց միջնորդությունը՝ համարելով, որ այն անհիմն է:

Դատախազներ Արամ Արամյանի և Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությամբ էլ հանդես եկավ Գագիկ Եղիազարյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը: Փաստաբանը դատարանին հայտնեց, որ վերջիններս իրենց թույլ են տվել իրենց պաշտպանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ անել, նրանց անվանելով՝ «կենդանի» և «վիժվածք»: Այս միջնորդությունը ևս մերժվեց դատարանի կողմից:

Այնուհետև կողմերն անցան գործում առկա գրավոր ապացույցների հետազոտմանը:

Նշենք, որ այսօրվա նիստի ժամանակ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը իր ցավակացությունը հայտնեց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի մահվան կապակցությամբ:

«Մեզ համար ցավ է և խորը վիշտ, որ մենք ամեն օր կորցնում ենք մեր երկրի պաշտպաններին ու հուղարկավորում ենք մեր ապագան, մեր երկրի տերերին: Եռաբլուրը լայնանում է, երկրի տերերին տեղ չունենք եռաբլուրում»,- իր խոսքում նշեց նա: