Դասադուլ ԵՊՀ-ում՝ ուսանողները պահանջում են ռեկտորի հրաժարականը

Այսօր ժամը 11:00-ից ԵՊՀ-ի ուսանողները բողոքի ակցիա են սկսել ԵՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում:

Ուսանողների համոզմամբ Հայաստանում տեղի է ունցել հեղափոխություն, սակայն ԵՊՀ-ում շարունակում են մնալ նույն խնդիրները և իրենք պետք է պայքարեն դրանց դեմ:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողներին հայտնեց, որ իրենք մոտ 1 ամիս սպասել են՝ հույս ունենալով, որ համալսարանում տեղի կունենան բարեփոխումներ, նախաձեռնություն կլինի ղեկավար կազմի կողմից, հայտարարություններ կլինեն ուսանողներին աջակցելու, սակայն հակառակ պրոցեսն է տեղի ունեցել:

«Մենք շարունակում ենք էլի դասախոսներից, ուսանողներից ստանալ զանգեր, որոնք նշում են, որ այն մարդիկ ովքեր մասնակցել են ցույցերին՝ մեզմ ասած լավ վերաբերմունքի չեն արժանանում: հաշվի առնելով նաև ԵՊՀ-ում այսօր առկա բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ սկսած կրթական որակ, ակադեմիական ազատություն, կառավարման թափանցիկություն, ռեսուրսների ոչ արդյունավետ ծախսում, որը կարելի է նույնիսկ որակել վատնում, այլ բան մեզ չի թողնում, քան պահանջել ներկայիս ղեկավար կազմի հրաժարականը, այդ թվում նաև ռեկտորի»,- ասաց նա:

Այս պահին ուսանողները իրականացնում են իրազեկման երթ՝  շարժվելով մայրաքաղաքի փողոցներով և կոչ են անելով մյուս ուսանողներին ևս միանալ իրենց: