Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին և Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել.ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեն իրակնացնում է թիրախային ստուգումներ, այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:  Վերջինս նշեց, որ 2018 թ. առաջին կիսամյակում ՊԵԿ կողմից հավաքագրվել է 649.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 496,8 մլրդ դրամը հարկային մարմինների կողմից, իսկ 152,9 մլրդ դրամը մաքսային մարմինների կողմից: 

Դավիթ Անանյանի խոսքերով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջե եկամուտների աճը կազմել է 15,6 տոկոս, իսկ հունիս ամիսը ամենաբարձր ցուցանիշ արձանագրած ամիսն է, քանի որ հունիսին ավելի շատ հարկ է հավաքագրվել, քան մնացած ամիսներին:

«Վերջին 2 ամսում հստակ վարքագծի փոփոխություն կա, մենք նոր մշակույթ կերտելու ճանապարհին ենք»,- իր խոսքում նշեց նա:

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև գազալցակայաններում կատարված ստուգումներին՝ նշելով, որ շուրջ 8 կազմակերպության մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերվել, որոնց մեջ կա Մեհեր Սեդրակյանի, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի անունները:

«Ամենաքիչ խախտումներ հայտնաբերվել են Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայաններում։ Սա միանշանակ օրենքի խախտում է, քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների նկատմամբ, եթե դրա շրջանակներում պետությանը հասցված վնասը վերականգնվում է, ապա տնտեսվարողի նկատմամբ քրեական պատասխանատվությունը կարճվում է։ Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,-նշեց նա: