«Բեկթաշի համայնք» կրոնական միավորումն ընդդեմ Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության

Գործի շրջանակներում Դիմումատուներ «Բեկթաշի համայնք» կրոնական միավորումը և նրա երկու անդամները՝ Բրահիմայը և Սուլեյմանին, բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

 Դիմումատու Բրահիմայն ազգությամբ ալբանացի է, բնակվում է Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության Տետովո քաղաքում, իսկ Դիմումատու Սուլեյմանին՝ մակեդոնացի է, ապրում է Գոստիվար քաղաքում։ Բրահիմայը զբաղեցնում է կրոնական համայնքի հիերարխիայի բարձրագույն աստիճանը։

Դիմումատուները բողոքել են, որ 2007 թվականին Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետության նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո Առաջին ատյանի դատարանն արգելել է համայնքին պահպանել կրոնական կազմակերպության իր կարգավիճակը և մերժել է ընդունել Դիմումատու Միավորման ներկայացրած հայցը՝ կազմակերպության գրանցման վերաբերյալ։

1993 թվականից Դիմումատու Միավորումը գործում է որպես պաշտոնապես ճանաչված կրոնական միավորում։ 2007 թվականին Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետությունում ուժի մեջ է մտել եկեղեցիների, կրոնական համայնքների և խմբերի իրավական կարգավիճակի մասին նոր օրենսդրություն, և Դիմումատու Միավորումը հայց է ներկայացրել դատարան՝ պետական գրանցման համար օրենքով սահմանված կարգով կրոնական կազմակերպության իր կարգավիճակը պահպանելու վերաբերյալ։ Դիմումատուների ներկայացրած հայցերը մերժվել են, քանի որ մինչև 1998 թվականը այս միավորումը չի գործել պետական գրանցման օրենքով սահմանված կարգով և գրանցվել է միայն 2000 թվականին։

2010 թվականին «Բեկթաշի համայնք» կրոնական միավորումը պետական գրանցման համար հայց է ներկայացրել դատարան, որը մերժվել է այն հիմքով, որ արդեն գրանցված է միևնույն անվանումն ունեցող մեկ այլ կրոնական կազմակերպություն։ Հետևաբար, ևս մեկ կրոնական կազմակերպության գրանցումը միևնույն անվանման տակ կարող է շփոթության մեջ գցել կրոնական միավորումների հետևորդներին։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի (մտքի, խղճի և կրոնի ազատություն) խախտում և 11-րդ հոդվածի (հավաքների և միավորման ազատություն) խախտում։ Դիմումատուները բողոքել են Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման մասին՝ պետական գրանցման համար իրենց հայցը մերժելու վերաբերյալ։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում և 11-րդ հոդվածի խախտում` «Բեկթաշի համայնք» կրոնական միավորման նկատմամբ: Դիմումատու Միավորման հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատու Միավորմանը վճարել 5.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2.000 եվրո՝ դատական ծախսերի համար:

Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։