ԲԴԽ-ն կանցկացնի Վճռաբեկ դատարանի նախագահի ևս մեկ ընտրություն

Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը: Այս մասին հանտնում է ՀՀ Դատական դեպարտամենտը։ 

Ըստ դեպարտամենտի հաղորդագրության՝ 2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերոնշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպել է նաև Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

 Ասատրյան Համլետ –  2,   Անտոնյան Սուրեն – 1,     Ավանեսյան Վարդան – 0

Ավետիսյան Սերժիկ – 2,     Բարսեղյան Արտակ-  0    Դանիելյան Ելիզավետա – 0

Դրմեյան Մամիկոն –  0       Թադևոսյան Լիլիթ – 0,     Խունդկարյան Երվանդ – 2

Հակոբյան Գոռ – 2,      Միքայելյան Ստեփան – 1,   Պետրոսյան Տիգրան – 0

Պողոսյան Արթուր – 0,      Տավարացյան Նախշուն  – 0,   Օհանյան Սամվել – 0

 Դատական օրենսգիրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառմամբ՝ եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացել է 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։

Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ հոդվածի պահանջը՝ «Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն», Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նոր ընտրությունը կատարվելու է նույն՝ ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի՝ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման կարգի, համաձայն և նույն կազմով։