Արփինե Հովհաննիսյանը քննարկման է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծը , որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը:

ԱԺ փոխնախագահի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամրագրել, որ կառավարության ներկայացուցիչը պարտադիր պետք է ներկա լինի ԱԺ նիստին, եթե նա հանդես է գալիս որպես հարակից զեկուցող: Նշենք, որ այժմ գործում է «կարող է» ներկա լինել ձեւակերպումը:

Նախագիծը հեղինակները համալրել են երկու այլ դրույթով: Դրանցից մեկով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին պետք է պարտադիր ներկա լինեն նաեւ այն պաշտոնատար անձինք, ովքեր հանձնաժողովի կողմից քննվող հարցի ժամանակ զբաղեցրել են պաշտոն, սակայն հանձնաժողով հրավիրվելու ժամանակ ազատված են տվյալ պաշտոնից: Պաշտոնների ցանկը նշված է »ԱԺ կանոնակարգ« սահմանադրական օրենքում: Առաջարկի հեղինակը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է: Այն ընդունելի է եղել Քննիչ հանձնաժողովի անդամների կողմից:

Երկրորդ առաջարկը վերաբերում է ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

ՀՀ ԱԺ պետական-իրավական  եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:

ՀՀ կառավարության եզրակացությունը դրական էր առաջին առաջարկի վերաբերյալ, բացասական՝ երկրորդի դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումն ունի քաղաքական դրդապատճառներ, բացի այդ այն թերի է, հապճեպ ներկայացված:

Էդմոն Մարուքյանը ևս իր ելույթում առաջարկը պայմանավորել է քաղաքական դրդապատճառներով և նշել, որ այն չի լուծելու այն խնդիրները, որոնք նկատի են առնվել նախագիծը մշակելիս:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին: