«Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը». Արտակ Զեյնալյան

Վարչական ակտերի համաներման արդյունքում 120 հազար պարտապանների վերաբերյալ կարճման ենթակա 1 մլն 470 հազար կատարողական վարույթից երեկվա դրությամբ կարճվել են 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթ: Այսօր այս մասին հայտնեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը  ՀՀ արդարադատության նախարարության՝ մայիս-օգոստոս ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ժամանակ, հավելելով, որ 2018 թվականի հուլիսի 26-ից ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:

Քրեական ոլորտի մասին խոսելիս` Արտակ Զեյնալյանը նշեց, որ Երևանի բժշկական կենտրոնները կունենան կալանավորների համար նախատեսված հատուկ բաժանմունքներ, որտեղ բժշկական օգնություն կստանան ազատազրկվածները. «Բանտերում և կալանավայրերում տեղադրվել են տրական հեռախոսներ և տեսազանգի հնարավորություն՝ ամսվա մեջ երկու անգամ 20 րոպե տևողությամբ»,-ասաց նա:

Այս տարվա ապրիլի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացվել 159 ներման խնդրագիր, ինչի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 114 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

Արտակ Զեյնալյանը մանրամասնեց, որ կարարվել է մոնիթորինգ՝ Սահմանադրական դատարանի այն որոշումները բացահայտելու համար, որոնք  չեն կատարվել և նշված որոշումների հիման վրա նախապատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ. «Նպատակը՝ Սահմանադրական դատարանի չկատարված որոշումների բացառումն է: Սահմանադրական դատարանի որոշումները կյանքի կկոչվեն»,-ասաց նախարարը:

Նախարարն անդրադարձավ նաև տեխնոլոգիաների ներդրմանը՝ Արդարադատության ոլորտում, նշեց, որ նախարարությունն աշխատում է պարզեցնել թղթային տարբերակը և ոլորտում ամեն ինչ տանում է պարզեցման, որի արդյունքում ստեղծվել է մի հարթակ, որի միջոցով հասանելի է լինում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացրած վճիռների հայերեն տարբերակը: Այսուհետև վճիռներին կարելի է ծանոթանալ ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ arlis.am կայքում:

Նախարարի խոսքերով՝ աշխատանքներ են իրականացվում ՀՀ արդարադատության նախարարության e-notary և ՀՀ կենտրոնական բանկի էլեկտրոնային համակարգի միջև  էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից վավերացվող էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի առցանց եղանակով փոխանցումն ապահովելու ուղղությամբ. «Արդարադատոթյան նախարարության կողմից ներդրվել և գործարկվել է էլեկտրոնային հարցումների միասնական e-request.am կայքը, ինչպես նաև ներդրվում է լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am կայքը»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մասին խոսելից ՀՀ արդարադատությաան նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախարարություն ներկայացվել է 387  զեկույց, որոնցից 197-ը դատապրտյալներ հրաժարվել են պայմնական վաղաժամկետ ազատ արձակումից, 288-ը քննվել են դատարաններում, արդյունքում՝ 84 դատապարտյալ ազատ է արձակվել, 114-ի վերաբերյալ դատարանը մերժել է:

Նախարարը նշեց, որ առաջիկայում նաև ցմահ դատապարտյալների խնդրով կզբաղվի նախարարությունը:

Լրագրողների հարցերին պատասխանելիս վերջինս անդրադարձավ բանտերի գերբանակեցման խնդրին՝ նշելով, որ չկա դատապարտյալ, որ մահճակալ չունենա. «Մենք մակերեսի  խնդիր ուեննք, ինչպես նաև բանտային պայմանների և օրենքին հարմարեցնելու խնդիր ունենք: Բանտային նոր հիվանդանոցի կարիք կունենանք»։ Բանտային սննդին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ թեև որակը բավարարվել է, սակայն դեռ ավելի բարելավելու կարիք կա:

Արտակարգ դատարանների, անցումային արդարադատության հարցերին. «Արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու, անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանն ու կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:  Չեն լուծարվելու դատարանները, դատարանների դատարան չի ստեղծվելու, Սահմանադրություն չի խախտվելու: Կրկնում եմ՝ սա լինելու է օրինական և կոչված է լինելու մարդու իրավունքները վերականգնելուն: Մենք օգտվելու ենք այլ երկրների անցումային արդարադատության փորձից և չենք կրկնելու նրանց սխալները»,-հայտարարեց նախարարը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կգլխավորի «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համատեղ ստեղծվելիք դաշինքի նախընտրական ցուցակը սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում.

«Ես, որպես արդարադատության նախարար, կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում ու այդ պայմաններում կմասնակցեմ Երևանի ավագանու ընտրությունների  քարոզարշավին: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ»,- Արդարադատության նախարարն ասաց, որ երկու կուսակցությունները՝ Լուսավոր Հայաստան և Հանրապետություն, Երևանի ավագանու ընտրություններին հանդես են գալու դաշինքով, որի ցուցակը կգլխավորի ինքը։

Հիշեցնենք, որ նախարարը անդրադարձել է նաև  լրատվամիջոցներում տարածված Մանվել Գրիգորյանի ՔԿՀ-ում արված լուսանկարիրն և  այն իրավունքի խախտում դիտարկեց: