Աննենն ընդդեմ Գերմանիայի 

Դիմումատուն՝ Կլաուս Գյունթեր Աննենը, ազգությամբ գերմանացի է, ծնվել է 1951 թվականին, բնակվում է Գերմանիայի Վայնհայմ քաղաքում։ Դիմումատուն բազմիցս հոդվածներ է հրապարակել՝ քննադատելով հղիության արհեստական ընդհատումը։ Գործը վերաբերում է անձնական վիրավորանք հասցնելու համար Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։

2007 թվականի դեկտեմբերին Դիմումատուն համացանցում հոդված է հրապարակել՝ քննադատելով ցողունային բջիջների հետազոտությունը և Գերմանիայի Բոնն քաղաքի համալսարանում մի խումբ գիտնականների կողմից կատարված ուսումնասիրությունները։ Իր հրապարակած հոդվածի մեջ Դիմումատուն մի գիտնականի անուն է հիշատակել և համեմատել է վերջինիս կատարած ուսումնասիրությունը Նացիստական ռեժիմի ժամանակ մարդկանց վրա կատարված գիտափորձերի հետ։

2008 թվականի նոյեմբերին Դիմումատուի դեմ վիրավորանքի և զրպարտության հիմքերով հարուցված դատական գործի շրջանակներում Գերմանիայի ներպետական դատական ատյանները պարզել են, որ Դիմումատուն անձնական վիրավորանք է հասցրել գիտնականին՝ համեմատելով վերջինիս մարդկանց վրա նացիստական համակենտրոնացման ճամբարներում գիտափորձեր կատարող բժիշկների հետ։ Ներպետական դատական ատյանները Դիմումատուին օրեկան 15 եվրո գումարի չափով 30 օր շարունակ տուգանելու մասին որոշում են կայացրել։ Դիմումատուն բողոքել է իրեն տուգանքի դատապարտելու մասին Դատարանի կայացրած որոշան դեմ, սակայն 2010 թվականի փետրվարին Վերաքննիչ դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն իր բողոքի մեջ նշել է, որ հասարակական քննարկումներ իրականացնելու համար իր հրապարակած հոդվածի մեջ անձնական բնույթի քննադատություն չի հնչեցրել գիտնականի հասցեին։ Դիմումատուն նաև հավելել է, որ դատական ատյանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ գիտնականն իր կամքով մասնակցել է այդ քննարկումներին՝ որպես Բոննի համալսարանի գիտնականների խմբի մամուլի խոսնակ։ Հետևաբար՝ հրապարակային քննարկումների և բանավեճերի ժամանակ հնչեցրած կարծիքները քրեական գործի հարուցման հիմք չեն կարող հանդիսանալ։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է գիտնականի գործունեության մասին դատողություններ անելու և հոդված հրապարակելու համար իր դեմ քրեական գործ հարուցելու, իրեն մեղավոր ճանաչելու և իր նկատմամբ տուգանք նշանակելու որոշման արդարացիության մասին։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։