Անդրիաս Ղուկասյանի գործով հարցաքննվեց անչափահաս վկան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում, դատավոր Արշակ Վարդանյանի  նախագահությամբ շարունակվեց Արնդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը։ 

Այսօրվա նիստի ժամանակ շարունակվեց վկաների հարցաքննությունը․ հարցաքննվեց անչափահաս Տիգրան Մկրտչյանը: Նշենք, որ նա դատարան էր ներկայացել ծնողի հետ:  Վկայի խոսքերով՝ դեպքի օրը ինքը  տատիկի տանից Սարի թաղով տուն է գնացել և ճանապարհին՝ Սարի թաղում նկատել է հավաքված ամբոխ՝ ցուցարարներին: Հետաքրքրությունից դրդված որոշել է վերջիններիս հետ քայլել, որպեսզի հասկանա, թե ո՞ւր են շարժվում. «Մեկը գոռում էր, մեկը քայլում էր… Խառն էր…»,- ասաց նա, մանրամասնելով, որ ոստիկանները սկսել են քաղաքացիներին հրահրել, արդյունքում բախում է սկսվել և վերջիններս նռնակներ են նետել, որի հետևանքով ինքը ևս վնասվածք է ստացել:

«Ոստիկանները նռնակներ նետվեցին: Ես փախա, մտա Սարի թաղի  տներից մեկը: Նռնակներ նետելուց հետո ոտքս երկու տեղից կտորներ էին մտել, հետո ինձ  շտապօգնությունը տարավ»,- նաև մանրամասնեց,  որ չի տեսել քարեր նետող քաղաքացիներ:

Վկայի հարցաքննությունից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը, նախաքննական ցուցմունքի հետ համեմատած, հակասություններ գտավ, ուստի դատարանին միջնորդեց հրապարակել վերջինիս նախաքննական ցուցմունքը: Վկան իր հերթին որոշ անճշտությունների հետ կապված նշեց, որ ավելի քան 2 տարի է անցել և չի հիշում մանրամասներ:

Պաշտպանական կողմն առարկեց  միջնորդության դեմ՝ համարելով, որ ոչ մի հակասություն էլ չկա. «Պետք չի ճնշում գործադրել վկայի նկատմամբ, ինքն ինչ կարող էր ասեց, պարզ և հստակ ձևակերպեց: Ակնհայտ էր, որ երիտասարդը,  որը վնասվել է, այդ դեպքերի հետ որևէ առնչություն չունի, պատահական է այնտեց եղել և փորձում է հիմա ոչնչից ապացույց սարքել։ Դա առնվազն անբարոյական է՝ հաշվի առնելով վկայի հասակն ու դրությունը»,-ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը․ արդյունքում հրապարակվեց նախաքննական ցուցմունքը:

Նախաքննական ցուցմունքում վկան պատմել է քարեր նետող քաղաքացիների և հայհոյող ոստիկանների մասին. «Ոստիկանները ժողովրդին էին հայհոյում, փոխադարձ իրար հայհոյում էին:  Քաղաքացիների մեջ մի 10 հոգի կար, ովքեր շորերի տակից մահակները հանեցին.  հրահրում էին, քարեր էին նետում ոստիկանների ուղությամբ, իսկ երբ բախում սկսվեց, նրանք փախան և մտան ոստիկանների հետևը»:

Այսպիսով, վկայի հարցաքննությունն ավարտվեց, իսկ դատարանն արդար դատաքննություն իրականացնելու միտումով, սկսեց ապացույցների հետազոտման փուլը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին: