ԱՄՀ նախկին ղեկավարը դատապարտվել է ազատազրկման

Այս տարվա հոկտեմբերի 25-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Ռոդրիգո Ռատոն դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել է Իսպանիայի Մադրիդ քաղաքի Սոտո-դել-Ռեալ կալանավայր: Այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարության քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարությունը:

2017 թվականին Դատարանը Ռոդրիգո Ռատոյին մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության համար: 2010 թվականից մինչև 2012 թվականը նա ղեկավարել է իսպանական խոշոր «Bankia» խնայբանկը: Իր ղեկավարության ժամանակահատվածում ԱՄՀ նախկին ղեկավարը օգտվել է ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված վարկային քարտերից: Խարդախության դեպքը բացահայտվել է աուդիտորական ստուգման արդյունքում: Գործին ներգրավված է ևս 66 անձ: Գործի շրջանակներում իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալներն իրենց անձնական կարիքների համար մոտ 12 մլն եվրո գումար են ծախսել:

Նշենք՝ 2004 թվականից մինչև 2007 թվականը Ռոդրիգո Ռատոն հանդիսացել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար: Նրան ձերբակալել են 2015 թվականի ապրիլի 16-ին: Այնուհետև, Իսպանիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել և խուզարկություն են իրականացրել նրա տանը և գրասենյակում:

Նշենք նաև, որ ԱՄՀ մյուս նախկին ղեկավարները նույնպես ներգրավված են եղել դատական գործերին: Օրինակ՝ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը ներգրավված է սեռական ոտնձգությունների շուրջ սկանդալին: Գործը դեռևս գտնվում է հետաքննության փուլում:

Հայտնի է նաև, որ ԱՄՀ ներկայիս ղեկավար Քրիստին Լագարդը նախկինում մեղադրվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար հանդիսանալու ժամանակ Քրիստին Լագարդը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական անփութություն կատարելու և լիազորությունները չարաշահելու համար: Այնուամենայնիվ, Ֆրանսիայի դատական ատյանները նրան մեղադրանք չեն առաջադրել և նրա նկատմամբ պատիժ չեն կիրառել: