Ամալ Քլունին ՄԻԵԴ-ում կներկայացնի Հայաստանի շահերը

2015 թ. հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող պատվիրակության կազմում կլինի բրիտանացի հայտնի իրավաբան Ամալ Ռամզի Ալամուդդին-Քլունին, ով ամերիկացի նշանավոր դերասան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Ջորջ Քլունիի կինն է:  Այս մասին «The Armenian Weekly»-ում գրել է «California Courrier» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Լիբանանյան ծագմամբ Ամալ Քլունին միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների և արտահանձնման ոլորտներում մասնագիտացած և բարձր հեղինակություն ունեցող փաստաբան է: Որպես փաստաբան՝ նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատական գործերում, ինչպես, օրինակ, «Էլգինի մարմարի»՝  Մեծ Բրիտանիայից Հունաստանին հին հունական մշակութային արժեքների վերադարձի գործում, ինչպես նաև՝ « Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանության գործերում: Ամալ Քլունին նաև որպես մեղադրող կողմի անդամ է հանդես եկել Լիբանանի հարցով ՄԱԿ-ի հատուկ տրիբունալում և նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալում: 2012 թ. եղել է Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի խորհրդականը:

Ինչպես ընդգծում է Սասունյանը, նման փորձառությամբ և անհատական բարձր հատկանիշներով Ամալ Քլունին մեծապես կաջակցի ՄԻԵԴ-ում հայաստանյան պատվիրակությանը, որը 2015 թ. հունվարի 28-ին պետք է Փերինչեքի գործով ներկայացնի Հայաստանի շահերը:

Ըստ հոդվածագրի՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են նշանավոր միջազգային իրավաբան, «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է այսօր հիշում հայերին» գրքի հեղինակ Ջոֆրի Ռոբերտսոնը, Ամալ Քլունին, Հայաստանի կառավարության կողմից՝  ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը:

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի նախապատմությունը

Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը քրեական հետապնդման է ենթարկվել Հայոց ցեղասպանության իրողությունը հրապարակայնորեն ժխտելու, մասնավորապես՝ 2005 թվականին Շվեյցարիայում կայացած մի շարք գիտաժողովների ժամանակ այն«միջազգային սուտ» որակելու համար:

2005 թվականի հուլիսի 15-ին «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան բողոք է ներկայացրել Փերինչեքի դեմ, և 2007 թվականի մարտի 9-ին Լոզանի Ոստիկանության դատարանը Փերինչեքին մեղավոր է ճանաչել՝ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ռասայական խտրականություն) Հայոց ցեղասպանության իրողությունը միտումնավոր ժխտելու համար՝ պարտավորեցնելով վճարել 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք:
 
Փերինչեքը  բողոքարկել է այդ վճիռը՝ պահանջելով վերաքննել գործը և հարցի շուրջ անցկացնել ուսումնասիրություն, սակայն Վո կանտոնի վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը նույն թվականի հունիսի 19-ին: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվեց, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես հրեաների Հոլոքոսթը, և այն որպես այդպիսին ճանաչվել է շվեյցարական օրենսդրական մարմնի կողմից: Փերինչեքն այս վճիռը բողոքարկել է Շվեյցարիայի Դաշնային գերագույն դատարանում, որը 2007 թվականի դեկտեմբերի 12-ին մերժել է բողոքը և վերահաստատել է Վոյի շրջանային վերաքննիչ դատարանի վճռի օրինականությունը: 
 
2008 թվականի հունիսի 10-ին Դ. Փերինչեքը ընդդեմ Շվեյցարիայի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ՝ պնդելով, որ շվեյցարական դատարանները խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով (արտահայտվելու ազատություն), 7-րդ հոդվածով (պատիժ բացառապես օրենքի հիման վրա), ինչպես նաև մի շարք այլ հոդվածներով երաշխավորված իր իրավունքները: Նա վիճարկել է, մասնավորապես, շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այն գնահատելով որպես ոչ բավարար կանխատեսելի, իսկ դատավճիռը՝ ոչ  օրինական: 

ՄԻԵԴ-ը 2013 թ. դեկտեմբերի 17-ին «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով կայացրած դատավճռում բավարարել էր Փերինչեքի ներկայացրած հայցը, ըստ որի՝ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և իր որոշման մեջ նշել էր, որ «Փերինչեքի քրեական դատապարտումը 1915 թ. և դրանից հետո հայ ժողովրդի դեմ կատարված վայրագությունների մերժման համար արդարացված չէր»: Ըստ ՄԻԵԴ-ի՝ շվեյցարական քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածը արտահայտվելու ազատությունը կաշկանդող տարրեր է պարունակում:

Մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշման համաձայն՝ «զգայուն և հակասական բնույթ կրող հարցերի ազատ քննարկման իրավունքի ազատ իրականացումը կարծիք արտահայտելու ազատության հիմնարար չափանիշներից է և դրա միջոցով հանդուրժողական, բազմակարծ  ու ժողովրդավարական հասարակությունը տարբերվում է ամբողջատիրական և բռնատիրական ռեժիմներից»:

Բազմաթիվ իրավաբանների համոզմամբ՝  ՄԻԵԴ-ը նաև, որոշակիորեն սահմանազանցելով իր գործառույթները, փորձում է տարբերակում մտցնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև` նշելով, որ վերջինի  եղելությունն ապացուցված է մի շարք անհերքելի պատմական փաստերով, ինչպես օրինակ՝ գազային խցերի առկայությամբ:  

2014 թվականի մարտի 17-ին Շվեյցարիայի իշխանությունները բողոքարկել են ՄԻԵԴ-ի վերոհիշյալ վճիռը: Իսկ 2014թ. հունիսի 2-ին ՄԻԵԴ-ը որոշում է ընդունել գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին: 

2014 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Եվրոպական դատարանին՝ գործով որպես երրորդ կողմ ներգրավվելու համար, և սեպտեմբերի 26-ին ՄԻԵԴ-ը հաստատել է ՀՀ մասնակցությունը: Գործին որպես երրորդ կողմ կմասնակցի նաև Թուրքիան: