Ահազանգ՝ «Հարավային» ավտոկայանի աշխատակցի ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով այս տարվա հուլիսին ստացվել է 102 հեռախոսազանգ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

«Հարավային» ավտոկայանի աշխատակցի ոչ պատշաճ աշխատանքի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես «Հարավային» ավտոկայանից շահագործվող Երևան-Մեղրի երթուղին սպասարկող ընկերության երթակարգավարը հրավիրվել է ՀՀ տրանսպորտային տեսչություն: Նա գրավոր բացատրությամբ ընդունել է իր սխալը: Արդյունքների մասին տեղեկանալուց հետո քաղաքացին շնորհակալություն է հայտնել արագ արձագանքելու համար:
Մեկ այլ ահազանգ ստացվել է Աբովյան քաղաքը սպասարկող տաքսիների՝ Հերացու փողոցում կայանելու վերաբերյալ: Սակայն ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցների ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ «Երկաթգծի» երթակարգավարական կետից շարժվող Երևան-Աբովյան-Երևան թիվ 261 և «Հարավային» ավտոկայանից շարժվող Երևան-Աբովյան-գ. Ակունք թիվ 267 ավտոբուսային երթուղիները շահագործվում են երթուղու սպասարկման չվացուցակների պահանջներին համապատասխան:
«Թեժ  գծով» մյուս ահազանգը եղել է փոխադրումներ իրականացնող «Ֆենիքս» ընկերության ավտոբուսի անսարքության և տոմսերի գումարը չվերադարձնելու մասին: Պարզվել է, որ նշված ընկերությունը միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ չի իրականացնում, հետևաբար, նրա կողմից իրականացվող ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ հարցերը կարգավորվում են բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:
Նման խնդիրներից զերծ մնալու և ուղևորների շահերից ելնելով՝ նախարարությունը մեկ անգամ ևս հորդորում է օգտվել բացառապես կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ծառայություններից:
«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մյուս ահազանգը վերաբերվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարումների դիմաց տրված անդորրագրում վճարային տվյալների անհամապատասխանությանը: Ահազանգն ստանալուն պես հարցում է ուղարկվել  «Հայփոստ» ՓԲԸ՝ օրենքով սահմանված  ժամկետում համապատասխան ընթացք տալու համար:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի տեղեկատու հեռախոսահամարներին ստացվել է 29 հեռախոսազանգ: Ընկերության մասնագետները պատշաճ խորհրդատվություն են ապահովել hեռուստատեսային թվային ընդունիչ սարքերը համալարելու և հեռուստաալիքների ընդունման որակը բարելավելու վերաբերյալ:
Նույն ժամանակահատվածում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով տեղեկատվություն է տրամադրվել 69 քաղաքացու:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: