Ալվինա Գյուլումյանը՝ սահմանադրական դատարանի նոր անդամ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը հոկտեմբերի 23-ին ստանձնել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովում տված երդմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Սահակյանը՝ ամբիոնի մոտ հրավիրելով ՍԴ նորանշանակ անդամին:

Ալվինա Գյուլումյանը Ազգային ժողովի ԱԺ կենտրոնական ամբիոնից տվել է ժողովրդի առջև իր երդումը. «Ստանձնելով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, լինել անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի անդամի կոչմանը»:

Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը 2003-2014 թթ. զբաղեցրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի կողմից առաջադրված դատավորի պաշտոնը: 1996-2003 թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ: