ԱԺ-ում քննարկվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Գևորգ Կոստանյանի նախագահությամբ առաջին ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի և Հայկ Կոնջորյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Գևորգ Գորգիսյանը նշել է, որ գործող կարգավորմամբ հարկադիր կատարողը չի տեղեկացնում բանկերին պարտապանի մասնակի կատարած պարտավորության մասին, ինչի պարագայում բանկերում շարունակում են արգելադրված մնալ պարտապանի իրական պարտավորության չափը գերազանցող դրամական միջոցներ: Առաջարկվող կարգավորմամբ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքի չափի մասին, իսկ պարտապանի կողմից իր պարտավորությունը մասնակի կատարվելու դեպքում հարկադիր կատարողը պարտապանի հաշիվները սպասարկող բանկին կամ այլ վարկային կազմակերպությանն ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կատարված պարտավորության չափով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը:

Պատգամավորները և կառավարության ներկայացուցիչը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, կարևորել են օրենքի նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները, մարդկանց սեփականության սահմանադրական իրավունքի իրացումը եւ առաջարկներ ներկայացրել մասնավորապես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետների, արժութային հաշիվների կամ ավանդների հաշվեհամարների, պարտապանի հաշիվները սպասարկող բանկի կամ այլ վարկային կազմակերպության կողմից արգելանք դնելու ժամկետների վերաբերյալ:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող օրինագծերի վերաբերյալ ներկայացրել է դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համապատասխան շտկումներ անելու պայմանով: