ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը

Այսօր ժամը 11:00-ին գումարվել է ԱԺ արթահերթ նիստ, որի ժամանակ քննարկվելու է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատգամավորի անձեռնամխելիությունից զրկելու հարցը: Ըստ սահմանված կարգի, Մանվել Գրիգորյանը ևս պետք է ներկայացվեր ԱԺ դահլիճ, սակայն երեկ նա նամակ է գրել  ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և խնդրել է առանց իր ներկայության կողմ քվեարկել իրեն անձեռնմխելիությունից զրկելուն, որպեսզի արդար դատաքննություն կայանա ու ինքը կարողանա վերականգնել իր բարի անունը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, ինչի մասին ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն անմիջապես տեղեկացվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին:

Հունիսի 17-ին նրա առանձնատանը կատարվել է խուզարկություն և ԱԱԾ աշխատակիցներն այնտեղից հատնաբերել են Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկված իրեր, զենք-զինամթերք, տասնյակ ավտոմեքենաներ և կենդանիներ:

Նշենք, որ հունիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բացահայտումը  որակել է որպես երրորդ հանրապետության ամենամեծամասշտաբ կոռուպցիոն երևեույթ:

ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել՝ այստեղ: