Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ գործով դատական նիստը: Դատարանը որոշեց Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը:

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատարանը որոշել է վերջինիս նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ սահմանելով 5 միլիոն ՀՀ դրամ գումար:

Խաչատուրովն այս պահին կալանավորվածի կարգավիճակում է, քանի դեռ 5 միլիոն դրամի վճարման կտրոնը չի ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: