Սեֆիլյանի և մյուսների գործով դատարան բերվեցին իրեղեն ապացույց համարվող ինքնաձիգերն ու փամփուշտները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ։

Նիստի ընթացքում դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի միջնորդությամբ հանդես եկավ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Վերջինս դատարանին հայտնեց, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը մեկ այլ քրեական գործի ժամանակ հանդես է եկել մեղադրական ճառով, որտեղ հայտնել է իր դիրքորոշումը և կանխակալ վերաբերմունքը Ժիրայր Սեֆիլյանի և մյուս ամբաստանյալների վերաբերյալ։

Միջնորդությանն առարկեց մեղադրող կողմը՝ նշելով, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը որևէ կանխակալ վերաբերմունք չի դրսևորել ամբաստանյալների նկատմամբ։

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել ներկայացված միջնորդությունն՝ անհիմն լինելու պատճառով, որից հետո զննվեցին գործում առկա իրեղեն ապացույցները։

Դատարան բերվեցին փաթեթավորված երկու ինքնաձիգ և փամփուշտներ, որոնք առգրավվել էին 2016 թվականին։ Նշենք, որ առգրավված փամփուշտները եղել են 120 հատ, որոնցից 20-ը փորձագետը կրակել է՝ պիտանելիությունը փորձելու համար։

Իրեղեն ապացույց հանդիսացող ինքնաձիգերի և փամփուշտների վերաբերյալ իրենց կասկածները հայտնեցին ամբաստանյալների պաշտպանները։ Մասնավորապես՝ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նկատեց, որ առգրավված փամփուշտներից այս պահին դատարան է բերվել միայն 100-ը, իսկ կրակված 20 փամփուշտները չկան։ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ հայտնեց, որ դատարան պետք է բերվեին նաև կրակված փամփուշտները, որպեսզի  բոլորի համար պարզ լիներ այս ինքնաձիգերը աշխատող են, թե՝ ոչ։ Նրա խոսքերով չկա նաև ոչ մի ապացույց, թե ինչպես են այդ ինքնաձիգերը հայտնաբերվելուց հետո հայտնվել Մաշտոցի բաժնում, քանի ժամ են այնտեղ մնացել և արդյո՞ք դրանք հենց նույն ինքնաձիգերն են, որոնք հայտնաբերվել են մեքենայի մեջ։ «Սրանք իրեղեն ապացույցներ չեն հարգելի դատարան»,- իր խոսքը եզրափակեց նա։

«Անզեն աչքով երևում է, որ այդ զենքերը ունակ չեն կրակելու համար, կամ, եթե ունակ են եղել այդ դեպքում ինչո՞ւ է 20 կրակոց հնչել»,- այս մասին էլ ասաց հանրային պաշտպան Աննա Ջուվանովան։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն էլ փաստաբաններին հավաստիացրեց, որ որևէ քրեադատավարական կարգ չի խախտվել։

Այնուհետև դատարան բերվեց մի արկղ, որի մեջ առակ էին տոնածառ, ծածկոց և զովացուցիչ ըմպելիքով մի  շիշ։ Արկղը բացելուց անմիջապես հետո ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները սկսեցին ծիծաղել, իրենց ծիծաղը չկարողացան զսպել նույնիսկ պաշտպաններն ու նախագահող դատավորը։ Զննվեցին նաև մյուս իրեղեն ապացույցները, որոնց մեջ կային մահակներ, փայտե և երկաթե ձողեր, ճկվող խողովակներ, ռադիոկապի սարքեր, դանակ, մեծ բարձրախոս, շինարարական իրեր, պլաստմասե սաղավարտներ, ինչպես նաև դրոշակներ։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն էլ ծաղրեց․ «Սրացով պե՞տք է հեղափոխություն և զանգվածային անկարգություններ իրականացնեին»։

Դատավարության կողմերը զննության ենթարկեցին նաև իրեղեն ապացույց համարվող ավտոմեքենան, որի մեջ էլ եղել էր տոնածառը, ինքնաձիգերը և մի շարք այլ իրեր։

Իրեղեն ապացույցների զննումից հետո անցում կատարվեց ամբաստանյալների հարցաքննությանը։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց ժամանակ տրամադրել ամբաստանյալների հարցաքննությանը պատրաստվելու համար, որը բավարարվեց դատավորի կողմից։

Այնուհետև հայտարարությամբ հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը։ Վերջինս իր խոսքում նշեց, որ արդեն 24-րդ դատական նիստն է, որ ընթանում է սակայն  արդար դատարան ունենալու դեպքում այդքան նիստ անելու կարիք չէր լինի և ավելի կարճ ժամանակում ավարտված կլիներ այս գործընթացը։

«Եթե այս 24 նիստերի ընթացքում ոչ մի անգամ ինձ թույլ չեք տվել, որ երկու նախադասություն արտաբերեմ, իսկ այսօր, եթե ես կարողանում եմ նստած տեղից խոսել հավանաբար ինչ-որ իրավիճակ է սկսվել փոխվել, ինչպես տեղի է ունենում «Սասնա ծռեր»-ի դեպքում։ Այստեղ բոլորդ կատարածու եք, այստեղ դատարան գոյություն չունի, սա դատարան չէ և այդ պատճառով է, որ ես ոտքի չեմ կանգնում։ Ինչ պատվիրված է ձեզ՝ դուք դա եք անում»,- ասաց նա, սակայն վերջինիս խոսքը ընդհատեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ նշելով, որ Սեֆիլյանը ելույթ է ունենում նստած տեղից և դա ուղղված չէ դատարանին։ Վերջում դատավորը Սեֆիլյանի նկատմամբ կիրառեց սանկցիա ՝  նախազգուշացում։

Ընդմիջման ընթացքում խոսեցինք նաև Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի հետ, վերջինս հայտնեց, որ իրեղեն ապացույցների մեջ չկար այնպիսի առարկա, որը կարող էր հանդիսանալ անկարգություն կատարելու առարկա։

Հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 1-ին։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

 

Նյութը՝ Ելենա Արամյանի