ELL PARTNERSHIP LLC

ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի    1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ  ՎԴ/4546/05/14 քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրում է․

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքին կից՝ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցված քարե պարսպի և մետաղյա դարպասի առկայության փաստն ինքնին բավարար է եզրահանգելու համար, որ դրանք կառուցվել են տվյալ անձի կողմից, և հիմք է վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի    1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումն առկա է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

  • տեղի է ունեցել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի զավթում՝ պետությանը կամ համայնքին պատկանող հողամասը որևէ անձի կողմից առանձնացվել է և գտնվում է նրա տիրապետության ներքո,
  • հողամասի զավթումն ինքնակամ է՝ առկա չէ դրա տիրապետման օրինական հիմք,
  • պատասխանատվության ենթարկելու պահի դրությամբ ինքնակամ զավթում իրականացրած անձը չի վերացրել դրա հետևանքները,
  • ինքնակամ զավթումն իրականացրել է և դրա հետևանքները չի վերացրել միևնույն սուբյեկտը,
  • վերոնշյալ արարքները կատարելիս անձը գործել է մեղավորությամբ:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման կատարման համար նաև հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

  • համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձը համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի) կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին,
  • համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձն այդ նախազգուշացումից հետո չի վերացրել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները՝ անկախ այն հանգամանքից, որ ի սկզբանե ինքնակամ զավթումն իրականացրած անձը և հողամասը փաստացի տիրապետող և իրավասու մարմնի առաջարկով դրա հետևանքները չվերացրած անձը տարբերվում են միմյանցից:

Մեկնաբանություններ

32 դիտում

Պիտակներ՝

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: