ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը աշխատանքային հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ3/0173/02/16  քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրեց

 Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են, որպես կանոն, անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով՝ նկատի ունենալով աշխատանքային հարաբերությունների կայուն և կատարվող աշխատանքի մշտական բնույթ ունենալը: Երաշխավորված աշխատանքի ապահովման և աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքն առավել արտահայտվում է հենց անորոշ ժամկետով աշխատանքային հարաբերություններում: Ուստի, դա է պատճառը, որ օրենսդիրը սահմանափակել է աշխատանքային պայմանագրեր կնքելիս անորոշ ժամկետով կամ որոշակի ժամկետով պայմանագրի տեսակն ընտրելու՝ կողմերի կամքի ազատությունը՝ սահմանելով, որ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով:

Նույն տրամաբանությունը հաշվի առնելով՝ օրենսդիրը նախատեսել է, որ այն դեպքերում, երբ թեև կնքվել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո պայմանագիրը չի լուծվել, ապա պետք է համարել, որ կողմերը ցանկանում են շարունակել իրենց միջև առկա աշխատանքային հարաբերություններն անորոշ ժամկետով: Ուստի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելիս ժամկետի լրանալն ինքնին չի հանգեցնում աշխատանքային պայմանագրի դադարման, եթե աշխատողը շարունակում է աշխատանքը: Պայմանագրային հարաբերությունների դադարման համար անհրաժեշտ է կողմերից մեկի՝ պայմանագրի դադարման կամքն արտահայտող գործողությունը: Եվ՛ գործատուն, և՛ աշխատողը պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով պայմանագիրը լուծելու ցանկության մասին պետք է ծանուցեն մյուս կողմին՝ ժամկետը լրանալուց առնվազն տասն օր առաջ, իսկ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է ձևակերպվի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ուստի, այն դեպքերում, երբ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո աշխատողը փաստացի շարունակում է աշխատել և աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով, որից հետո աշխատանքային պայմանագիրն արդեն չի կարող լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով: Նման դեպքերում աշխատանքային պայմանագիրը, համարվելով անորոշ ժամկետով կնքված պայմանագիր, կարող է լուծվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերով: