Սեֆիլյանի և մյուսների գործով հետազոտվեցին ապացույց հանդիսացող տեսանյութերը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետազոտվեցին Սեֆիլյանի և մյուսների գործով ապացույց հանդիսացող տեսանյութերը։ Մեղադրող կողմը միջնորդեց հետազոտման առարկա դարձնել 42 տեսանյութերից միայն  3-ը, որը բավարարվեց դատավորի կողմից։

Նշենք, որ տեսանյութերում Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը հանդես էին գալիս ելույթներով՝ «Ազատության» հրապարակում  և ներկայացնում էին երկրում տիրող իրավիճակի մասին։ Ժիրայր Սեֆիլյանն իր ելույթում հայտնում էր, որ, եթե ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա, ապա այդ ձեռքը պետք է կոտրվի, բացի այդ նրա խոսքերով ամեն բան պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով, առանց բռնության։ Իսկ Գևորգ Սաֆարյանն էլ հայտնում էր, որ, եթե պետք լինի ինքը կմեռնի Բաղրամյանի մատույցներում։

Պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանն էլ դատարանին հայտնեցին, որ այս ելույթներում չկան անկարգություններ հրահրելու կոչեր, դրանք հայրենասիրական կոչեր են և այս խոսքերի համար նրանց մեղադրանք առաջադրելն անհիմն է։

Հանրային պաշտպան Աննա Ջուվանովան էլ հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանի ելույթից պարզ է դառնում, որ նա հայրենիքը սիրող անձ է։ «Նման կոչեր հնչել են նաև Վազգեն Սարգսյանի ելույթներում, եթե այսօր Վազգեն Սարգսյանին կոչում են Սպարապետ, ապա Գևորգ Սաֆարյանին քաղբանտարկյալ»,- ասաց նա։

Այս ընթացքում լրացավ նաև ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը, վերջինս դատական նիստերի դահլիճ մտավ սովորականի պես և բարձր տրամադրությամբ։ Ապակեպատ պատնեշից այս կողմ գտնվող անձինք փորձեցին մոտենալ ապակիներին և խոսել նրա հետ, սակայն ոստիկանության ներկայացուցիչները նրանց թույլ չտվեցին շատ մոտենալ, ինչի պատճառով թեթև վիճաբանություն տեղի ունեցավ ներկաների և ոստիկանների միջև։ Մի քանի րոպե անց Գևորգ Սաֆարյանը՝ տեղից խոսելու և իր պաշտպանի ներկայությունը պահանջելու համար, նորից 4 ժամով հեռացվեց  նիստերի դահլիճից։ Այնուհետև նիստն ընդմիջվեց։

Ընդմիջման ընթացքում զրուցեցինք փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ, վերջինս հայտնեց, որ Գևորգ Սաֆարյանին տեղափոխել են մեկ այլ խուց և նա խնդրել է բոլորին հայտնել, որ ոչ մի վտանգ չկա, ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա։

«Գևորգի շուրջն ինչ-որ բան է կատարվում, փորձվում է հրահրվել։ Ես վստահ եմ, որ այս ամենը կապված է նրա  մոտալուտ ազատման հետ, քանի որ դեկտեմբերի 31-ին նրա կալանքի ժամկետը լրանում է»,- իր խոսքում նշեց փաստաբանը։

Մեր այն հարցին, թե ինչու Տիգրան Եգորյանը ներկա չի լինում նիստերին, փաստաբանը պատասխանեց, որ նախագահող դատավորը նրան չի ծանուցում․ «Դատավորը պարտավոր է ծանուցել նրան, որ այս ինչ օրը, այս ինչ ժամին դատական նիստ է տեղի ունենալու։ Արդեն հինգերերդ ամիսն է ինչ Գևորգ Սաֆարյանին մեղադրում են, հետազոտում են իր հետ կապված ապացույցները, սակայն ինքն ու իր պաշտպանը  զրկված են ներկա գտնվելուց»։

Հիշեցնենեք, որ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝   2o16 թվականի Ամանորի գիշերը ոաստիկանին հարվածելու մեղադրանքով։

 Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ անդրադառնալով մեղադրող կողմի ներկայացրած միջնորդությանը, մեզ հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ մեղադրող կողմի համար իրենց իսկ կողմից ապացույց ճանաչված տեսանյութերի մեծ մասից հրաժարվելը ցույց է տալիս, որ իրենց համար ոչ թե ապացույցների բովանդակությունն է կարևոր, այլ ընդամենը պլան կատարելը․ «Գործը շուտ ավարտելու համար նրանք պատրաստ են անգամ իրենց կողմից վկայակոչած մեղադրական ապացույցից հրաժարվել, որպեսզի հնարավորինս շուտ այս մարդկանց դատեն»։

Ընդմիջումից հետո շարունակվեց հետազոտվել գործում առկա ապացույցները։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 24-ին։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը՝ Ելենա Արամյանի