Վաղարշապատում առևանգել են 23-ամյա աղջկա և տեղափոխել Դիլիջան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անձը:

2017թ. հունիսի 7-ին` ժամը 19:00-ին, քաղաքացուհուց  հաղորդում էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով, բացահայտ առևանգել են դստերը և տեղափոխել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, 23-ամյա աղջիկը մոր հետ գտնվել է Էջմիածին քաղաքի Կույբիշև փողոցում, որտեղ նրանց  մոտ՝ թիկունքում, անսպասելի կանգնել է կաթնագույն «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա, և 3 երիտասարդ,  բռնություն գործադրելով, աղջկան նստեցրել են ավտոմեքենան ու հեռացել: Նշված ավտոմեքենայով աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղ փոխել են ավտոմեքենան և ուղևորվել Դիլիջան։ Աղջկան հաջողվել է Դիլիջանում դիմել փախուստի՝ ցատկելով վարձակալված տան պատուհանից։

Էջմիածին քաղաքի 23-ամյա բնակչուհին ճանաչվել է տուժող, հարցաքննվել։ Վերջինս նախապես ճանաչել է առևանգողներից մեկին, ով սիրահարված է եղել աղջկան, իսկ մյուս երկուսին չի ճանաչել։ Լուսանկարով կատարվել է ճանաչման գործողություն, և տուժողը մատնացույց է արել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, ով ևս Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990թ.:

2017թ. հուլիսի 10-ին 27-ամյա երիտասարդը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 27-ամյա երիտասարդը որպես մեղադրյալ է ներգրավված նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար: Նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը 2017թ. նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է և ներկայացվել նախաքննությունն իրականացնող մարմնին: Նույն օրը վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 258-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Քննություն է տարվում՝ պարզելու 23-ամյա աղջկա առևանգմանը մասնակցություն ունեցած մյուս երկու անձանց ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[views]