Ռուսաստանը և Չինաստանը վետո են դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում Սիրիայի իրավիճակին առնչվող բանաձևի վրա

Մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանը և Չինաստանը վետո են կիրառել Ֆրանսիայի և Լիտվայի առաջարկած այն նախագծի դեմ, որով նախատեսվում էր Սիրիայում պատերազմական պայմաններում մարդու իրավունքների դեմ հանցանքների մասին թղթապանակը` այսպես կոչված «սիրիական գործը», հանձնել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) քննությանը: ԱԽ-ի մնացած 13 անդամները կողմ են քվեարկել բանաձևի ընդունման օգտին:

Բանաձևի նախագծով դատապարտվում են «սիրիական իշխանությունների և կառավարամետ կազմավորումների կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի լայնածավալ խախտումները, ինչպես նաև ոչ պետական զինված խմբավորումների կողմից մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի դեմ ոտնձգությունները», որոնք կատարվել են Սիրիայում զինված կոնֆլիկտի ժամանակ` սկսած 2011թ. մարտից և որոնց զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ:

Ըստ բանաձևի նախագծի` այդ իրավիճակի քննությունը պետք է փոխանցվեր ՄՔԴ-ին: Նախագծում նաև առկա է այն դրույթը, ըստ որի այն արտասահմանյան պետությունների, որոնք ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի մասնակիցներ չեն, քաղաքացիների (Սիրիական կոնֆլիկտի մասնակից) վրա տարածվում է «այդ պետությունների բացառիկ իրավազորությունը»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ափսոսանք է հայտնել, որ նման կարևոր հարցի շուրջ Անվտանգության խորհրդի անդամները չեն կարողացել միասնական դիրքորոշում որդեգրել: «Սիրիայի ժողովուրդը արդարության հիմնարար իրավունք ունի: ՄԱԿ-ը և նրա անդամ երկրներն ունեն այդ իրավունքը պաշտպանելու հիմնարար պարտականություն»,-Գլխավոր քարտուղարի անունից հայտարարել է նրա տեղակալ Յան Էլիասոնը: Վերջինս ավելացրել է նաև, որ եթե Անվտանգության խորհրդի անդամները այդպես էլ չկարողանան համատեղ միջոցներ գտնել շարունակվող հանցագործությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ապա կտուժի Խորհրդի և ողջ ՄԱԿ-ի հեղինակությունը:

Մեկնաբանելով ՌԴ-ի դիրքորոշումը բանաձևի վերաբերյալ` ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մեղադրել է բանաձևին կողմ քվեարկած արևմտյան երկրներին «սիրիական կոնֆլիկտին ռազմական միջամտության առիթ ստեղծելու» և «ԱԽ-ի «հնգյակի» (վետոյի կիրառման իրավունք ունեցող մշտական անդամները) միասնականությանը վնաս հասցնելու» մեջ: