«Օրինականացնելով հեռախոսը` այն հասանելի է դառնալու այն չքավոր մասային, որը կա ՔԿՀ-ներում». Քննարկում 2018-2038թթ. բարեփոխումների ռազմավարության ծրագրի վերաբերյալ

Օգօստոսի 24-ին Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում բարեփոխումների իրականացման նպատակով 2018-2038թթ. ռազմավարության ծրագիրը:

ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում նշեց, որ այս ծրագիրը նախորդների համեմատ ավելի երկարատև է, քանի որ կարճաժամկետ պլանավորումից փորձում են անցում կատարել երկարաժամկետ պլանավորման: Նրա խոսքերով քրեակատարողական համակարգում կան ծառացած խնդիրներ, որոնք տարիներ ի վեր եկել են և քաղաքական կամքից, օրենսդրական փոփոխություններից բացի պահանջում են նաև լուրջ ֆիանսական ներդրումներ, այդ նպատակով մշակվում է  այս ծրագիրը:

«Ամենամեծ և առանցքային փոփոխությունը կայանում է նրանում, որ մենք այստեղ չենք ֆիքսվում այն խնդիրների վրա, որոնք կարճաժամկետ են և չեն բխում գլոբալ բարեփոխումներից: Այս ամբողջ ռազմավարությունը կազմված է պատժի նպատակների վրա, քանի որ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ապահովի պատժի նպատակների իրականացումը և ռազմավարությունը ըստ այդմ բաժանվել է համապատասխան գլուխների»,- ասաց Ս․ Քրմոյանը:

Անդրադառնալով ռազմավարական ծրագրի գլուխներին պարոն Քրմոյանը հայտնեց, որ ծրագրում մեծ ուշադրություն է դրաձվել օրենսդրությանը. «Պլանավորվել է կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ, որպեսզի օրենսդրությունը համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային»: Բացի օրենսդրությունից ծրագրում անդրադարձ է կատարվել նաև անվտանգության համակարգին, դատապարտյալների պահման պայմաններին, հիվանդանոցային բուժօգնության բարելավմանը, դատապարտյալների կրթությանը և այլ հարցերին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադառնալով ռազմավարական ծրագրի բացերին  նշեց, որ քրեակատարողական  համակարգում փոփոխություններ կատարելը շատ անհրաժեշտ է, սակայն կան մի շարք մտահոգություններ ծրագրի իրականացման վերբերյալ:

«Առաջին մտահոգությունն այն էր, որ 2012-2017թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարության ծրագիրը մենք չենք գնահատել, այսինքն` մենք անցնում ենք հաջորդ փուլին նախորդին գնահատակն չտալով: Այնուամենայնիվ անհրաժեշտ կլիներ գնահատել նախորդի հետ կապված արդյունքերը, որոնք չեն ստացվել, վեր հանել պատճառները, հաջողությունները և նոր դրա հիման վրա մշակել հաջորդ ծրագիրը»,- ասաց նա:

Մյուս մտահոգությունը ըստ Ա. Սաքունցի կապված է ժամկետների հետ, քանի որ այն բավական երկարաժամկետ է, բացի այդ ծրագրի մեջ բացակայում է ֆինանսական գնահատումը, որը կարող է դժվարացնել չափելիությունը, ինչպես նաև իրականացումը: «Ցանկացած ռազմավարություն ունի գին և ֆինանսական ապահովվածությունը կարևոր հարց է, հետևաբար ռազմավարության նկատմամբ վստահության կարևոր ցուցանիշներից մեկը ֆինանսական գնահատումն է: Ո՞վ է այս ամենի համար ֆինանսներ ճարելու, որովհետև մենք գիտենք պետական բյուջեի միջոցների սղությունը»,- ասաց նա:

Պարոն Սաքունցի կարծիքով կարևոր է նաև քրեակատարողական հիմնարկների նկատմամբ դատախազական և դատական հսկողության ինստիտուտների հարցը. «Կարծում ենք, որ այստեղ պետք է հստակ անցում կատարվի դատախազական հսկողությունից դատական հսկողության, հատկապես, որ բողոքների քննարկման, ներքին բողոքարկման մեխանիզմների հետ կապված տրամաբանորեն գալու ենք էլի դատարանին»:

Անդրադառնալով դրական կողմերին Ա. Սաքունցը նշեց, որ ծրագրում առկա են նաև քայլեր, որոնք բավական գովելի են, օրինակ` բժշկական ծառայության, պրոբացիայի ծրագրի վերաբերյալ

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ  Ռոբերտ Ռեվազյանն էլ  խոսելով ծրագրի բացերից նշեց, որ ծրագրում կան դրույթներ, որոնք կրկնվում են այլ ռազմավարական ծրագրերում, բացի այդ կոնկրետ գործողությունների ժամկետները, թե որը երբ պետք է սկսվի և երբ պետք է ավարտվի, որպես այդպիսին չկա:

Խոսելով ՔԿՀ-ներում տիրող խնդիրներից նա  կարևորեց հոգեբանների թվի  ավելացումը,  աշխատողների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը, ինչպես նաև կրկնահանցագործությունների նվազեցումը:

Պարոն Ռևազյանն առաջարկեց օրինականացնել բջջային հեռախոսը. «Բջջային հեռախոսը շատ մեծ տարածվածություն ունի, ուժերի մեծ մասը կախված է բջջային հեռախոս ունենալու հետ: Օրինականացնելով  հեռախոսը` այն հասանելի է դառնալու այն չքավոր մասային, որը  կա ՔԿՀ-ներում: Փորձը ցույց է տալիս, որ  եթե անձը ցանկություն ունի այդ հեռախոսն ունենալու, նա կարող է այն ձեռք բերել: Օրինականացնելու դեպքում մենք կարող են որոշակի հսկողություն սահամանել նրանց նկատմամբ»:

Նրա խոսքերով այդպես անձը կգրանցի հեռախոսը, կկարողանա կապ հաստատել ընտանիքի անդամների հետ,  չի կտրվի հասարակությունից, ինչը անձի հոգեբանության վրա դրական կազդի:

Վերջում պարոն Քրմոյանը նշեց, որ Արդարադատության նախարարությունը փորձում է այս ռեֆորմը իրականացնել ոչ թե միայնակ այլ  գործընկերների հետ միասին. «Վերջնական փաստաթուղթ դեռևս չկա և այն ինչ-որ հնչեցվեց մենք կարող ենք հաշվի առնել»,- ասաց նա:

Նյութը` Ելենա Արամյանի