ELL PARTNERSHIP LLC

«Մի՛ բռնաբարեք իրավունքը». Փաստաբանների բողոքի ակցիան «Սասնա Ծռերի» գործով նիստին

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա Ծռեր» խմբավորման 14 անդամների գործով դատական նիստին պաշտպաններն իրականացրին բողոքի ակցիա: Նրանք նիստերի դահլիճ մտան միանման շապիկներով, որոնց վրա գրված էր «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» և «մի՛ բռնաբարեք իրավունքը» տողերը:

Նշենք, որ նախքան փաստաբանների նիստրի դահլիճ մտնելը դատավոր Արտուշ Գաբրիելյանը անսպասելի հետաձգեց նիստը` անգամ չընթերցելով պաշտպանների զննությանը վերաբերող արձանագրությունները, ինչն անում էր նախորդ  նիստերի ժամանակ:

Ըստ փաստաբան Արայիկ Պապիկյանի՝ դատարանի այս քայլը ապօրինի է և կամայականության դսևորում,  նշելով, որ նախագահող դատավորը նիստն հետաձգել է փաստաբանների չներկայանալու հիմնավորմամբ, քանի որ չի ցանկացել դատը շարունակել: «Երբ մենք ներս էինք մտնում մեր բոլորի վերաբերյալ կազմված արձանագրությունների բնօրինակաները գտնվում էին կարգադրիչների ձեռքում: Այսինքն` դատավորը մեր ներկայանալու կամ չներկայանալու վերաբերյալ առանց հավաստի տեղեկություն ունենալու, առանց զննության վերաբերյալ արձանագրություններն ստանալու որոշում է կայացրել իբրև թե մենք չենք ներկայացել դատական նիստին»,- ասաց նա:

Դատավորի այս քայլը փաստաբան Նինա Կարապետյանցն էլ դիտարկեց որպես փախուստ դատավորի կողմից:

Նշենք, որ ինչպես նախորդ նիստերին այս նիստին ևս մի քանի փաստաբանների մուտքը արգելվեց նիստերի դահլիճ` մետաղորսիչ սարքի արձակած ազդանշանի պատճառով: Այս դեպքից հետո դատական նիստերի դահլիճում գտնվող մյուս փաստաբանները դուրս գալով նիստերի դահլիճից միացան դրսում գտնվող փաստաբաններին և որոշեցին իրականացնել բողոքի ակցիա:

«Մենք մինչև վերջ են պայքարելու, որպեսզի մեր իրավունքները չխախտվեն», – այս մասին ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը, նշելով, որ փաստաբանների քայլերը կրելու են շարունակական բնույթ: Փաստաբանը նաև հայտնեց, որ իր շապիկը տվել է դատախազ Պետրոսյաին, քանի որ դատախազը ցանկություն է հայտնել այն հագնելու   և խնդրել է մեկը տալ իրեն. «Քանի որ մենք լրացուցիչ շապիկ չունեինք, ես իմը տվեցի նրան»:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե՞ ինչո՞ւ է շապիկի վրա գրված «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին» տողերը, պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ակնհայտ է, որ դատավորը պատանդ է դարձել այս գործի ձեռքը և պետք է ազատվի. «Վերջինս, որպես նախագահող դատավոր չկարողացավ իրականում այս գործերը վարել և չկարողացավ լինել իր դիրքում: Մենք նրան ցանկանում ենք, որ իսկապես ազատվի այս գործից, քանի որ այս ամիսները ցույց տվեցին, որ պարոն Գաբրիելյանի մոտ չստացվեց»:

Վերջում փաստաբանները հայտնեցին, որ այս ակցիան կշարունակվի այքան ժամանակ մինչև իրենց իրավունքները չսկսեն հարգել:

«Մինչև մեզ համար չստեղծեն անհրաժեշտ հնարավորություններ և պայմաններ, որ մենք կարողանանք լիարժեք կերպով իրականացնել մեր պաշտպանությունը մեր բողոքը շարունակվելու է»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել ՊՊԾ գնդի վրա:

Ելենա Արամյան

 

 

 

Մեկնաբանություններ

576 դիտում

Պիտակներ՝ , ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: