Մշտական բնակության միակ վայր հանդիսացող բնակարանը ԴԱՀԿ-ի կողմից բռնագանձման ենթակա չէ

Մեր զրուցակիցն է ELL գործընկերության իրավաբան Ռուզաննա Հարությունյանը։

-«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է կատարվել հօգուտ քաղաքացու։ Կմանրամասնեք՝ ի՞նչ է ենթադրում նոր օրենքը։

-Հայաստանի Հանրապետությունը՝ որպես սոցիալական պետություն, 2016 թվականի դեկտեմբերի 16-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու

մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-226-Ն օրենքի ընդունմամբ սահմանեց, որ քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ:

Առաջնորդվելով Օրենքի հիշյալ փոփոխությամբ և անհրաժեշտությամբ սահմանել բռնագանձման ոչ ենթակա մշտական բնակության միակ վայրի նվազագույն գումարը՝ 2017 թվականի հուլիսի 13-ի կառավարության նիստին ընդունվեց Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին կառավարության որոշումը:

 -Ի՞նչ դրական արդյունքի կհանգեցնի Օրենքի փոփոխությունը։

 -Այս փոփոխության արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից:

-Որքա՞ն է սահմանվել բնակարանի նվազագույն գումարը։

-Կառավարության որոշմամբ քաղաքացի-պարտապանի բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը է սահմանվել 4 .900.000  ՀՀ դրամը:

Այսպես, նման իրավակարգավորումների հիմքով բռնագանձում չի կարող տարածվել պարտապան-քաղաքացու պարտավորությունները մարելու համար այն բնակարանի (այդ թվում՝ բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա՝

  • Որը քաղաքացու համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և
  • Որի գինը հավասար կամ ցածր է 4.900.000 ՀՀ դրամից (իսկ բաժնեմասի դեպքում՝ նվազագույն գումարը հավասար կամ ցածր է 4.900.000 ՀՀ դրամի և բնակարանի բաժնեմասի արտադրյալի արժեքից):

-Կա՞ն բացառություններ։ Ո՞ր դեպքերի վրա  չի տարածվում այս իրավակարգավորումը։

 -Այո՛, կան։ Հարկ է հաշվի առնել, որ նման կարգավորումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ

  • Մշտական բնակության միակ վայր հանդիսացող գույքը գրավադրված է եղել այն պարտավորության ապահովման համար, որը մարելու համար բռնագանձում է տարածվելու,
  • Մշտական բնակության վայր հանդիսացող միակ բնակարանի բռանագնձմամբ բավարարվելու է ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:

-Եթե միակ բնակարանի արժեքն ավելին է քան սահմանված գումարը, ինչպե՞ս է կարգավորվում։

 -Այն դեպքերում, երբ բռնագանձման ենթակա բնակարանը քաղաքացու համար հանդիսանում է ա) մշտական բնակության միակ վայր, և բ) այդ բնակարանի գինը բարձր է 4.900.000 ՀՀ դրամից և իրացվել է 4.900.000 ՀՀ դրամից բարձր արժեքով՝ ի կատարումն պարտավորությունների, ապա բնակարանի իրացման արդյունքում գոյացված  գումարից 4.900.000 ՀՀ դրամը վերադարձվելու է պարտապան-քաղաքացուն, ընդ որում՝ այդ վերադարձված գումարի վրա ևս այլևս բռանագնձում չի տարածվելու՝ ի կատարումն պարտավորությունների կատարման:

-Ի՞նչ սկզբունքով է որոշվել նվազագույն գումարը։ Ինչո՞ւ 4.900.000։

 -Բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի նման նվազագույն շեմ՝ 4.900.000 ՀՀ դրամ է որոշվել՝ հաշվի առնելով երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան  բնակելի շենքերի բնակարանների 2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես` որպես բնակարանի նվազագույն մակերես է դիտարկվել 40 մ2, իսկ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում կոմիտեի կողմից հրապարկվող անշարժ գույքի շուկայի գնային և քանակային վերլուծության հիման վրա. ըստ կատարված հաշվարկների՝ 2017 թվականի մայիս ամսվա համար Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը ≈121 822  ՀՀ դրամ է:

-Սահմանված գումարն իսկապես բավական  է միակ բնակության վայր ունենալու համար։

-2017 թվականի մայիսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ2 մակերեսի հաշվարկով.

 

 

Մարզեր

 

 

Քաղաքներ

Միջին  գները

(դրամ)

մայիս

2016 թ.

մայիս

2017 թ.

ապրիլ

2017 թ.

 

Արագածոտն

Աշտարակ 116050 105000 110000
Ապարան 58400 59000 58800
Թալին 66750 62000 63200
 

Արարատ

Արտաշատ 98750 91000 94000
Մասիս 115800 98000 110000
Վեդի 101750 90000 90000
Արարատ 77450 77850 77850
 

Արմավիր

Վաղարշապատ 154200 125000 150000
Արմավիր 121250 100000 118050
Մեծամոր 87600 80000 84000
 

 

Գեղարքունիք

Սևան 99400 80000 85300
Գավառ 60550 53000 55000
Մարտունի 107700 109000 101100
Վարդենիս 45250 46100 45400
Ճամբարակ 28750 28800 28800
 

 

 

 

Լոռի

Վանաձոր 88600 86000 86000
Ստեփանավան 74750 70000 70000
Սպիտակ 99850 93000 95000
Ալավերդի 55750 49000 50000
Տաշիր 47400 47400 47400
Թումանյան 11000 11000 11000
Շամլուղ 8000 8000 8000
Ախթալա 20500 20500 20500
 

 

 

Կոտայք

Աբովյան 155150 147000 150000
Նոր Հաճն 128550 120000 120000
Բյուրեղավան 108250 91000 100000
Եղվարդ 109850 102000 102000
Հրազդան 63900 58000 58000
Ծաղկաձոր 292400 288000 292400
Չարենցավան 85500 73000 80000
 

Շիրակ

Գյումրի 109450 91000 101400
Արթիկ 67250 67600 67600
Մարալիկ 41050 41150 41150
 

 

 

Սյունիք

Գորիս 123600 125500 124200
Կապան 94900 96000 96000
Սիսիան 92200 90000 90000
Մեղրի 82900 86000 84700
Քաջարան 94850 98000 96300
Դաստակերտ 8000 8000 8000
 

Վայոց  ձոր

Վայք 95100 92000 93000
Եղեգնաձոր 126150 120000 124000
Ջերմուկ 113200 99000 110000
 

 

Տավուշ

Դիլիջան 115500 100000 111000
Իջևան 118550 110000 115000
Բերդ 60450 60600 60600
Նոյեմբերյան 50350 50600 50600
Այրում 31850 31900 31900

2017 թվականի մայիսին Երևան քաղաքի վարչական շրջաններում վաճառված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների (պայմանագրային) գների և առաջարկվող գների վերլուծության արդյունքում ձևավորվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների հետևյալ շուկայական միջինացված գները` 1 մ2 մակերեսի հաշվարկով.

 

 

Վարչական շրջաններ

Միջին գները

(դրամ)

մայիս

2016 թ.

մայիս

2017 թ.

ապրիլ

2017 թ.

Կենտրոն 428000 450000 427000
Արաբկիր 357000 340000 330000
Քանաքեռ-Զեյթուն 283100 268000 270000
Նոր  Նորք 254150 230000 240000
Ավան 261500 247600 255000
Էրեբունի 252300 237000 240000
Շենգավիթ 257600 240000 240100
Դավթաշեն 276650 250000 250200
Աջափնյակ 250900 226250 242000
Մալաթիա-Սեբաստիա 244000 230000 230000
Նուբարաշեն 157250 156000 156000

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված վերոներկայացված գները հիմք ընդունելով՝ ակնհայտ է, որ նման կարգավորումը իսկապես լուրջ երաշխիք կարող է դառնալ հատկապես մարզերում բնակվող քաղաքացիների համար իրենց վերջին կացարանից չզրկվելու համար:

[views]