Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը նոր փուլում է

Օգոստոսի 3-ին, Կառավարության առաջիկա նիստի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կներկայացնի և քննարկման կդրվի «Հայաuտանի Հանրապետությունում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածը՝ նոր խմբագրությամբ։ Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը դուրս էր եկել Ազգային ժողովի շրջանառությունից:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին նախագծի ընդունումը ցանկալի երևույթ չէ, քանի որ հացամթերքը ինքնին մի շատ վիտամիններով հարուստ է»,-այս մասի ասաց կենսաբան Վարդուհի Մելիքյանը՝ հավելելով, որ մարդիկ այսօր արդեն շատ սննդամթերքներ են ընդունում, որոնք պարունակում են հավելումներ:

Կենսաբանի խոսքով՝ մեզ համար հացը սուրբ է ու հանապազօրյա, և մենք ունենք հազարամյակներով ձևավորած ազգային ավանդույթներ հատկապես հացին վերաբերող.

«Հայաստանը հարուստ գյուղատնտեսական երկիր է՝ բազմաթիվ կենդանական և բուսական ծագման մթերքներով, որոնք հազարամյակներ սնել, կերակրել են մեր ազգին: Եթե մենք արդեն փորձով ապացուցել ենք առանց հավելումների սննդամթերքի օգտակարությունը, ի՞նչ իմաստ ունի տուրք տալ օտարամոլությանը»,-ասաց նա հավելելով, որ առանց ցորենի ալյուրի հարստացման էլ մարդու օգտագործած սննդամթերքների մեջ հավելումների տարեկան քանակը 14 կիլոգրամից ավել է:

«Քունջութը պարունակում է 66 միլիգրամ երկաթ, իսկ օրական պահանջը 15 միլիգրամ է, այստեղից կարող ենք ենթադրել նաև, որ հացը ծածկում է երկաթի պահանջմունքի 50 տոկոսը: Այդ նյութերի ավելացումը բացասական ազդեցություն կունենա հատկապես տարիքավոր մարդկանց վրա, կազդի նաև հացի գնի վրա: Օրական հացի օգտագործման չափաբաժին է նախատեսված ՝450-500 գրամ, բայց մեր հասարակությունը շատ է սիրում հաց օգտագործել, իսկ այդ հարստացված նյութերի ավելացումը կարող է վնասել»,- ընդգծեց կենսաբանը:

Նրա խոսքերով՝ հացը կարելի է հարստացնել, սակայն ոչ բոլորի սպառման համար.

«Հավելումներ չպետք է օգտագործեն այն հացատեսակների մեջ,  որոնք նախատեսված են մասսայական օգտագործման համար: Հայաստանի Հանրապետության «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքով նախատեսվում է դիետիկ և բուժիչ սննդամթերքների, այդ թվում նաև հացամթերքի արտադրություն այն մարդկանց համար, որոնք հիվանդ են և տառապում են տարբեր տեսակի հիվանդություններով»,- ասաց Վարդուհի Մելիքյանը, նշելով, որ վերոնշյալը այլ բնագավառ է և թող միայն այս խմբերի համար ցորենի այլուրի հարստացումը իրականացվի:

«Հացը նյութական մշակույթ է, եթե մենք կորցնում ենք հացը, կորցնում ենք մեր մշակույթը, ինչո՞ւ չենք պահում հացի ստեղծման մեր մշակույթը: Սննդամթերքը զենք է, ինչո՞ւ ենք մենք փորձում փոխարինել այդ այլ միջոցներով, փոխանակ պահպանենք այն»,- իր խոսքում նշեց կենսաբանը, հավելելով, որ հացի հարստացման պարտադրանքը գալիս է միջազգային կառույցներից:

Ցորենի ալյուրի միկրոտարրերով և վիտամիններով պարտադիր հարստացումը գիտականորեն հիմնավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ ԱՆ-ը` ի լրումն ՀՀ Ժողովրդագրության և  առողջության հարցերի հետազոտության, կարևորում է  լրացուցիչ լաբորատոր հետազոտություններ  իրականացնելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է  «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորման մեջ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջիկա երկու տարիների ընթացքում ՀՀ առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում վիտամինա-հանքանյութային թերսնուցման հաղթահարմանն ուղղված աշխատանքներն իրականացնել  հետևյալ  հիմնական ուղղություններով.

ա. կազմակերպել հանրային և մասնագիտական քննարկումներ` Հայաստանի Հանրապետությունում վիտամինա-հանքանյութային անբավարարության հաղթահարման հետագա քայլերի ուղղությամբ  փոխհամաձայնեցման հասնելու նպատակով:

բ. Իրականացնել +աշխատանքներ թիրախային խմբերում, մասնավորապես` վերարտադրողական տարիքի կանանց, հղիության նախապատրաստական շրջանում, հղիության ընթացքում, ինչպես նաև 0-5 տարեկան երեխաների շրջանում` անհրաժեշտ միկրոտարրեր /ֆոլաթթու, կալցիում, երկաթ, յոդ, ցինկ/ պարունակող համալիրների նշանակման ուղղությամբ  (համալիրների ձեռքբերումը` ոչ պետական միջոցների հաշվին):

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի