Արտակարգ պատահարների թիվն աճել է նախորդ տարվա համեմատ

2017 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 6069 արտակարգ դեպք-պատահար, ինչից 149 մարդ զոհվել է, իսկ տուժել են 4866:  Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:

Նրա խոսքերով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտակարգ դեպքերի պատահարների թիվը աճել է 867-ով կամ 16.7 %, ընդ որում՝ 10-ով աճել են զոհերի թիվը՝ 7 %,  747 տուժածների թիվը՝ 18.1 %.

«Հաջողվել է փրկել 131 մարդ, ինչը 28-ով ավել է անցած տարվա  նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշների հետ համեմատած: 3534 եղել են տեխնածին բնույթի, որոնցից զոհվել են 110 մարդ, տուժել 226: 2357 պատահարներ եղել են սոցիալ-կենսաբանական բնույթի, ինչից զոհվել է 37 մարդ, տուժել 2601»,- նշեց Հովհաննես Խանգելդյանը, հավելելով, որ դեպք-պատահարների թվի 91.7 %-ը կազմում են ավտոճանապարհատրանսպորտային պատահարները, հրդեհները և թունավորումները:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի խոսքերով զոհերի 90%-ը, զուժածների 99.5 %-ը բաշխվում է այս 3 դասերի մեջ.

«Մասնավորապես, 1887 հրդեհից զոհվել է 8, տուժել 22 մարդ, 1499 ՃՏՊ-ից 101 զոհ,  տուժել 2216 մարդ: 2181 թունավորման դեպքերից զոհվել է 30, տուժել 2598 մարդ: Ընդհանուր առմամբ  աճի միտում կա բոլոր դասերում և նշված դասերով է պայմանավորված աճի գրանցումը նախորդ տարվա համեմատությամբ»,- ասաց բանախոսը:

Տարերային աղետների թվում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի գրանցված ցուցանիշների համեմատւթյամբ փոփոխություն չի արձանագրվում՝ 51-ով գրանցվել է նվազում՝ 2 զոհ, 4 տուժած:  Հովհաննես Խանգելդյանի խոսքերով հրդեհների թիվն աճել է 481-ով, հիմնականում ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների, տրանսպորտային միջոցների բռնկմամբ, աղբի և աղբի կուտակմնան մշտական վայրերում հրդեհների, առանձնատներում և բնակելի շենքերում հրդեհների թիվը:

Ընդհանուր առմամբ հրդեհների պատճառներն ըստ բացահայտման վիճակագրության՝  կրակի հետ անզգույշ վարմունքն է՝ 522 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 411 դեպքի դիմաց:

Պատահարների մեծ մասը ճանապարհատրանսպորտային դեպքերն են կազմում, այնուհետև հրդեհներն ու թունավորումները:

Փողոցներում և մայրուղիներում  տեղադրված արագաչափերը որպես կանխարգելիչ միջոց կիրառելու պարագայում գրանցված ՃՏՊ-ների աճի վերաբերյալ Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ վերջիններս ոչ թե կանխարգելիչ միջոցներ են, այլ խախտումն արձանագրող. «Սարքի տեղադրված հատվածում, դրանից մի քանի հարյուր մետր առաջ իհարկե պատահարների թիվը նվազել է, բայց ոչ ամբողջ փողոցում:  Այն անցնելուց հետո կրկին արագությունն են ավելացնում»,-ասաց նա:

Փրկարար ծառայողները նշված ժամանակահատվածում գրանցել են 9982 ելք, նախորդ տարվա 8620-ի դիմաց:

Հովհաննես Խանգելդյանի խոսքերով գրանցված պատահարները հիմնականում անթրոպոգեն գործոններով են պայմանավորված:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի