nt.am

Լողացված դիակ, առանց դիակի լուսանկարի դատաքննություն. առեղծվածային սպանությունը պարզաբանում է սպանվածի մայրը

Արդեն 3 տարի է, ինչ Ռուզաննա Ադանալյանը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը զուգահեռ, իր սեփական հետաքննությունն է սկսել՝ բացահայտել 2014 թ. հոկտեմբերի 29-ին իր սեփական տան մեջ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունը, որը մինչև օրս դատական գործընթացի մեջ է, նոր բացահայտումներ չկան, իսկ ըստ տիկին Ռուզաննայի, դատական գործը կոծկման փուլում է:«2014թ հոկտեմբերի 29-ին ես Երևանում էի, որդուս հետ խոսել էի ժամը 17:10-ի սահմաններում, ինքը դրսում էր, ասաց, որ ջերմություն ունի և իրեն վատ է զգում, բայց հայրն անընդհատ զանգում և կանչում է տուն, քանի որ ինչ-որ մարդիկ են եկել: Ես որդուս խնդրեցի չգնալ տուն, այլ սպասել մի որոշ ժամանակ, մինչև այդ մարդիկ գնան մեր տնից, սակայն, որդիս չլսեց ինձ, իսկ մի քանի ժամից լսեցի, որ որդիս սպանված է»,- պատմում էր տիկին Ռուզաննա:

Իր սեփական հետաքննությունը սկսելու միտքը ծագել է այն բանից հետո, երբ 2015 թ. հունիսի 15-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում Ռուզաննա Ադանալյանը հաղորդում է տվել, որ քննիչ Հրաչ Առաքելյանը որդու սպանության գործով նախաքննությունը բազմաթիվ խախտումներով է կատարել և շարունակում է կատարել: Այդ հաղորդումը հաջորդ օրն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Հունիսի 26-ին տիկին Ռուզաննան ներկայացել է ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի մոտ, որի դիմաց դրված են եղել արդեն իսկ գրված և հավաքված թղթերը.

«Դուռն անընդհատ բացվում-փակվում էր, քննիչը հեռախոսով էր խոսում, ինչն ինձ ավելի էր շտապեցնում: Հետո ինձ ասաց՝ դե ստորագրի, ստորագրի: Ստորագրելու ժամանակ հասկացա, որ չեմ կարդացել, բայց արդեն ուշ էր, սակայն, քննիչը հանգստացրեց, ասելով, որ ոչ մի ավելորդ բան գրված չի եղել: Այդ օրը, և դրան հաջորդած շաբաթ-կիրակին քնել չկարողացա, առավոտյան եկա ՀՔԾ, ներքին համարով զանգեցի վարչության պետի տեղակալ Մինասյանին: Ասացի, որ իմ բացատրությունը չեմ կարդացել, եկել եմ դա լրացնեմ: Շատ ցինիկ տոնով ասաց, որ իմ հավեսը չունի. «լավ էլ կարդացել եք, տիկի՛ն»: Ասացի, որ զանգելու եմ պետին, պատասխանեց՝ ում ուզում ես զանգի և կախեց լսափողը»,- պատմում է Ռուզաննա Ադանալյանը:

Հետո նա ներքին հեռախոսով զանգել է պետի քարտուղարին, որտեղից պատասխանել են, որ պետին հնարավոր չէ տեսնել, բայց վարչության  պետերից մեկը կմոտենա:

«Եկավ մեկն, ում անմիջապես ճանաչեցի, նա էր, ով շտապեցնում էր Մինասյանին՝ Աշոտ Հակոբյանը՝ ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը: Նա բավականին կոպիտ ձևով ինձ դուրս էր հրավիրում շենքից: Ձեռքս գցեցի, որ հեռախոսը վերցնեմ զանգեմ պետին, խփեց ձեռքիս,  քաշքշեց, հրեց ինձ: Ասաց՝ հեսա դուրս եմ շպրտելու, վիզդ պոկելու եմ»,-հիշում է կինը:

Գործով մեղադրյալ է ճանաչվել միայն մեկ անձ՝ Արթուր Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել): Այնինչ, ինչպես պնդում է Ռուզաննա Ադանալյանը, սպանության գործին խառնված է ավելի քանի 13 մարդ, որոնցից շատերը, դեպքի հաջորդող օրերին լքել են հանրապետությունը, իսկ մի քանիսն էլ այս գործով ընդամենը վկա են:

Սպանությունը տեղի է ունեցել տուժողի տանը: Ինչպես դատական նիստի ժամանակ մանրամասնում են վկաները, վեճը ծագել է տուժող Արտյոմ Ադանալյանի և գործով մեղադրյալ Արթուր Մարտիրոսյանի միջև, իրար «Արտյոմիկ»-«Արթուրիկ» անվանելու համար, սակայն, տիկին Ռուզաննան պնդում է, որ «ռազբոռկա» է տեղի ունեցել լրիվ այլ թեմայով, գուցե նաև կանխամտածված սպանություն է եղել:

«Ես ինքս անձամբ տեսել եմ թմրանյութ իմ տանը, «պիպետկաներ» ահռելի քանակությամբ, անգամ՝ տուփով, սակայն, դա քննիչի կողմից արձանագրված չի եղել: Իմ անցկացված հետաքննության արձյունքում, տանից հայտնաբերված «պիպետկան» ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, որի միջից հայտնաբերվել է հաշիշի և մարիխուաննայի զանգված, որից հետո՝ 6 ամիս անց, քննիչը փորձաքննության է ուղարկում վերոհիշյալ զանգվածը»,- ասում է Ռ․ Ադանալյանը:

Այս գործով մի շարք իրեղեն ապացույցներ բացակայում են՝ սպանություն կատարելու գործիք դանակը կամ դանակները, սեղանին փռված արյունոտ ռետինե սփռոցը, որը պարզ երևում է Քննչական կոմիտեի տարածած տեսանյութում: Իրեղեն ապացույցների որոշ մասը հատնաբերվել է դեպքից մոտ 9 ամիս անց: Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ լոգարանի ջուրն ամբողջությամբ արյունոտված է, չնայած դրան, Շտապ օգնության բժիշկն արդեն իսկ ցուցմունք էր տվել, որ դիակը մաքուր է եղել, լողացված:

Ինչպես նշում է տուժողի մայրը, իր անցկացր ած հետաքնության արդյունքում, պահանջելով Ոստիկանության և Շտապ օգնության հեռախոսահամարների կատարված զանգերի ձայնագրությունները, պարզել է, որ անիմաստ և աննպատակ հարցերի շարան է հնչեցվել, որից հետո բրիգադները դեպքի վայր են հասել բավականին ուշացումով: Ըստ վկաների, եթե բժիշկները մի քիչ շուտ հասնեին, ապա տղան կփրկվեր: Դեպքի վայր հասած դատաբժիշկը ոչ պատշաճ է կատարել իր գործը. «35 տեղ արյան հետքերից դատաբժիշկը փորձանմուշ է վերցրել միայն մի քանիսից, տանը հայտնաբերված ծխախոտի ծխուկների փորձաքննություն չկա, սխալ փաթեթավորման հետևանքով վերացել են մատնահետքերը, իսկ տղայիս մազափունջը փորձաքննության ներկայացվել է կիսաբաց ծրարով»:

Քրեական գործից բացակայում են նաև դիակի լուսանկարները: Դատական նիստի ժամանակ հնչեցված այն հարցին, թե ինչո՞ւ են բացակայում լուսանկարները, դատական բժիշկը պատասխանում է, որ իրենք չունեն լուսանկարիչ, այլ կա մեկը, ով սիրողական մակարդակի լուսանկարներ է անում: Երբ տուժողի իրավահաջորդը գրավոր հարցում էր ուղարկել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն», պարզելու չլուսանկարելու և սխեմաներ չներկայացնելու պատճառը, Շիրակի մարզի դատաբժշկության բաժնի աշխատակից Մանվել Մելիքյանը պատասխանել էր, որ նպատակահարմար չի գտել և անհրաժեշտություն չի համարել, սակայն, պետք եղած ժամանակ կարող է նկարել: Դատական մեկ այլ նիստի ժամանակ Մ. Մելիքյանը ժխտել է, որ նման զեկուցագիր է ներկայացրել, նշելով, որ այդ ժամանակահատվածում արձակուրդի մեջ է եղել.

«Իմ այն հարցրին, թե մի՞ թե իր վերադասը նման անօրինություն է արել և իր անունից ծանուցագիր պատրաստել, Մելիքյանը չկարողացավ պատասխանել»,- ասաց տիկին Ռուզաննան:

Սպանության օրը, դեպքի վայրում է եղել նաև Արտյոմ Ադանալյանի հայրը՝ Ավետիք Ադանալյանը, ում պահանջով էլ որդին տուն է եկել: Ինչպես նշում է տիկին Ռուզաննան, իր երեխաների հայրը (տիկին Ռուզաննան մինչև վերջ էլ խուսափեց «ամուսին» բառից, անընդհատ օգտագործելով «երեխաներիս հայր» բառակապակցությունը-Ռ.Վ) միշտ էլ սեր է ունեցել խմիչքի և «ռազբոռկաների» հանդեպ, հաճախ է ներգրավված եղել կռիվների մեջ.

«Ես հիմա ուզում եմ, շատ եմ ուզում, որ այդ մարդուն քրեական բողոք առաջադրեն, քանի որ իր միջնորդությամբ, իր ներկայությամբ է այդ ամեն ինչը տեղի ունեցել: Ինչքան էլ ինձ հետ առերեսման ժամանակ, հետո արդեն դատարանում ինքը ժխտի, որ տեղյակ չէ ոչ մի բանից և դեպքի ժամանակ բացակայել է տանից, միևնույն է ես չեմ հավատա, փաստերն այլ բան են խոսում»:

Հնչեցված այն հարցին, թե արդյո՞ք այս ամենը նախօրոք ծրագրված է եղել, տիկին Ռուզաննան, ասաց, որ նախկինում այդ հարցին այլ ձևով կպատասխաներ, սակայն, այսօր, ձեռքի տակ ունենալով փաստեր և ապացույցներ, կարծում է, որ այս ամենը դիտավորյալ կազմակերպված սպանություն է եղել.

«Գուցե վիճաբանությունն է դիտավորությամբ կազմակերպվել, ես այդպես եմ մտածում: Դեպքից մի քանի օր առաջ թաղի ավտոտնակներից մեկում մեծ ծեծկռտուք է եղել, որին մասնակցել է նաև Արտյոմիս հայրը: Ամբողջ թաղն է խոսում այս վեճի մասին, հնչել են փոխադարձ վիրավորանքներ և հայհոյանքներ: Ես կարծում եմ, որ ավտոտնակում տեղի ունեցած դեպքը նախադեպն է եղել, նրանք մտածել են, որ Արտյոմս կխառնվի վեճին, քանի որ ներգրավված է եղել նաև հայրը»:

«Այս ամենն Արտյոմի՞ն վնաս պատճառելու համար է կազմակերպվել, թե՞ հորը» հարցին, տիկին Ռուզաննան անսպասելի պատասխան տվեց.

«Ինձ թվում է՝ ինձ, կոնկրետ ինձ վնաս պատճառելու համար: Չեմ ցանկանա շատ բացել փակագծերը, քանի որ դա ի վնաս ինձ կարող է օգտագործվել, ուղղակի կա նախապատմություն, որտեղ մի կին շատ թշնամանքով է լցված իմ անձի հանդեպ: Մի գուցե իր մատը խառն է այստեղ, մի գուցե կա վրեժխնդրության, ոխակալության պատճառ, որին զոհ դարձավ որդիս»,- ենդադրում է սպանվածի մայրը:

Վերջում տիկին Ռուզաննան նշեց, որ պայքարը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև ամենավերջին հարցի պատասխանը չստանա.

«Ամենավերջին հանցագործը պետք է հայտնվի մեղադրյալի աթոռին և պատժվի քրեական ողջ ուժով»:

 Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ

Պիտակներ, ,

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: