ELL PARTNERSHIP LLC

Գլխավոր դատախազի պարզաբանումները Պերմյակովի գործով

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր՝ հունվարի 15-ին, այցելել է Շիրակի մարզի դատախազություն, որտեղ մամուլի ասուլիս է հրավիրել հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործին առնչվող հանգամանքների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու համար:

Գ. Կոստանյանը հայտարարել է, որ առկա է հանցագործություն, երբ զինվորականը լքել է ռուսական ռազմաբազայի տարածքը, ինչը ռազմական հանցագործություն է, այնուհետեւ այդ հանցագործությունը կատարելու արդյունքում կատարել է ևս մեկ հանցագործություն արդեն ՀՀ տարածքում, որը զինվորական հանցագործություն չէ: Հաղորդում է News.am-ը:

Գլխավոր դատախազը նշել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն հանցագործությունները, որոնք կատարվել են ՀՀ տարածքում, ռազմաբազայի ծառայողի կողմից, պատժվում են ՀՀ օրենքներով, իսկ նույն պայմանագրի 5-րդ հոդվածը սահմանում է, որ վերոնշյալ 4-րդ կետի դրույթները կիրառելի չեն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք՝ 1) կատարվել են ռազմաբազայի տարածքում, 2) հանցագործությունը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի կամ ռազմաբազայի անձնակազմի մեջ մտնող անձանց կամ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, 3) եթե կատարվել է զինվորական հանցագործություն: Այսինքն՝ եթե կատարվել է ռազմական հանցագործություն, ապա այդ դեպքում գործում կիրառելի է ՌԴ օրենսդրությունը:

«Ռուսաստանի հետ քննարկումների արդյունքում վկայակոչվել է նաեւ ՌԴ Սահմանադրությունը, քանի որ այստեղ ենթադրվում է երկու երկրների օրենսդրության կիրառում: Հաջորդ խնդիրը. Արդյոք մենք ունենք իրավազորություն տվյալ անձի նկատմամբ: Նկատի ունենալով, որ հանցագործություն է կատարվել նաեւ ՀՀ տարածքում, այդ դեպքում գործում է ՀՀ իրավազորությունը: Դրա համար մենք հարուցել ենք քրգործ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Այս դեպքում գործում է ՀՀ իրավազորությունը: ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի մասնակցությունը կտեսնեք քննչական գործողություններին՝ ՀՀ օրենսդրությամբ հարուցված քրգործի շրջանակներում: Տվյալ անձի նկատմամբ գործողություններ են կատարվելու»,-նշել է Կոստանյանը:

«Ես հասկանում են զգացմունքային մղումները, բայց սա այն հարցը չի, որ մենք պետք է զգացմունքներով առաջնորդվենք: Մենք գործ ունենք միջպետական հարաբերությունների հետ: Մենք չենք խոսում որեւէ իրազորություն զիջելու մասին, գործ ունենք միջազգային իրավական կարգավորման հետ»,-ասել է նա:

Անդրադառնալով այս գործի առնչությամբ Գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը, Կոստանյանը նշել է. «Տարամեկնաբանությունների ու շահարկումների տեղիք է տվել դատախազության հայտարարությունը, այդ թվում ՌԴ օրենսդրության մեջբերման հարցը: Մենք խոսում ենք ՀՀ օրենսդրությամբ և նկատի ունենալով, որ խոսում ենք Ռուսական ռազամաբազայում ծառայողի կողմից հանցագործության մասին, հետևաբար խոսում ենք միջազգային դրույթների ու ՌԴ-ի և ՀՀ միջպետական պայմանագրի դրույթներից: ՀՀ օրենսդրությունը բաղկացած է նաեւ միջազգային պայմանագրերից: Չի կարելի վերցնել մի դրույթ և դա դիտարկել որպես բացարձակ ճշմարտություն: Մենք ունենք երկու տիպի իրազավորություն՝ տարածքային և ինդիվիդուալ (անհատական): Մի դեպքում՝ երբ պետական իշխանությունը տարածվում է տվյալ տարածքի նկատմամբ, երկորրդը՝ երբ իրավազորությունը տարածվում է կոնկրետ անձի նկատմամբ, անկախ տարածքից: Հազարավոր օրինակներ կան, երբ X երկրի տարածքում Y երկրի իրավազորության ներքո է անցնում կոնկրետ սուբյեկտը, դա դիտվում է այդ պետության իրավազորության ներքո»:

«Փաստորեն կա երկու քրեական գործ, մեկը, որ հարուցվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՝ ՀՀ օրենսդրության հիման վրա և քրեական գործ, որը հարուցվել է Ռուսաստանի օրենսդրության հիման վրա՝ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Եվ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ մարմինները ինչ քրեադատավարական ընթացք են իրականացնում իրենց հարուցած քրեական գործով, դա որևէ առնչություն չունի մեր քրեադատավարական օրենսդրության կարգով հարուցված քրեական գործի և իրականացվող ու իրականացվելիք քրեական հետապնդման գործի հետ: Եվ այն հանգամանքը, որ երեկ Քննչական կոմիտեի քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել, դա արդեն իսկ նշանակում է, որ անկախ նրանից, թե Ռուսաստանի իրավապահ համակարգը ինչ միջոցներ է ձեռնարկում, Հայաստանը շարունակելու է գործընթացը: Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը մտնելու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ տվյալ անձի հետ, որը մեր քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ»,- ասել է Գևորգ կոստանյանը՝ նշելով, որ դրանով իսկ ՀՀ-ն իրականացնում է իր իրավազորությունը տվյալ անձի նկատմամբ:

Սահմանը խախտելու փորձի կապակցությամբ գլխավոր դատախազն ընդգծել է, որ երբ այս մասով մեղադրանք է առաջադրվում, առաջադրվում է այդ պահին ապացուցված փաստերի կապակցությամբ:

«Եվ, այո՛, մենք չենք բացառում, որ երբ քննության ընթացքում քննիչները հարցաքննություն կիրականացնեն, կծանոթանան մյուս բոլոր նյութերին, որ այս պահին գտնվում են ռուսական իրավապահ համակարգի ներքո, այդ ծանոթացման հիման վրա մեղադրանքը մեր կողմից կփոխվի, կլրացվի: Դա մի ամբողջ գործընթաց է»,- պարզաբանել է Գևորգ Կոստանյանը:

Մեկնաբանություններ

82 դիտում

ԶԼՄ-ներն LEGALinfo.am-ի նյութերը մեջբերելիս պարտադիր պետք է պահպանեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի դրույթները:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
© 2012-2017 LEGALinfo.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: