ՄԱԿ-ի ԱԽ-ն ահաբեկչության և անդրազգային հանցավորության դեմ պայքարի կոչ է արել

transnationalՄիավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով խորհրդական Ջեֆրի Ֆելթմանը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչությունը ծաղկում է՝ մեծ մասամբ, անդրազգային հանցավոր գործունեությունից, այդ թվում՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից և բնական պաշարների անօրինական արդյունահանումից ստացված եկամուտների շնորհիվ: Այդ մասին ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է դեկտեմբերի 19-ին՝ հանդես գալով ահաբեկչության և անդրազգային հանցավորության դեմ պայքարին նվիրված՝ Անվտանգության խորհրդի նիստում:

«Անդրազգային հանցագործությունները թուլացնում են պետական կառույցները, նվազեցնում են անվտանգություն ապահովելու և տնտեսական զարգացման համար պայմաններ ստեղծելու պետությունների հնարավությունները: Դրանք հանգեցնում են այնպիսի վիճակի, որում ծաղկում են կոռուպցիան, ինչպես նաև անպատժելիորեն խախտվում են մարդու իրավունքները»,-հայտարարել է Ջ. Ֆելթմանը:

ՄԱԿ-ի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել «Բոկո հարամ», «Ալ Կաիդա», «Թալիբան» և  «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցների և դրանց հետևորդների վրա և ընդգծել, որ այդ խմբավորումների գործունեությունը ցույց է տալիս հակամարտությունների ծավալումը սնուցող հստակ կապը՝ ահաբեկչության և անդրազգային հանցավոր գործունեության միջև:                                                                                                                                                                                      
Իսկ Անվտանգության խորհրդի անդամները միաձայն բանաձև են ընդունել, որով պահանջվում է, որպեսզի պետությունները թույլ չտան ահաբեկիչների տեղաշարժը մնեկ երկրից դեպի մեկ այլ երկիր և դադարեցնեն ահաբեկչական գործողությունների ֆինանսավորումը, այդ թվում՝ անդրազգային հանցավոր գործունեության միջոցով ստացված եկամուտների հաշվին: